Չնայած առանձին ապրանքային շուկաներում առկա դրսեւորումներին` այդուհանդերձ, Հայաստանը շարունակում է գտնվել թույլ գնաճային միջավայրում։ Արդեն տեւական ժամանակ` սպառողական շուկայում ոչ միայն գնաճ չկա, այլեւ արձանագրվում է գների նվազում։
Օգոստոսին տասներկուամսյա հատվածում գրանցվեց 1,9 տոկոս գնանկում։ Չնայած դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացմանը` նախորդ ամսվա համեմատ գնակումը շարունակեց խորանալ։ Համեմատության համար ասենք, որ հուլիսին այն 1,3 տոկոսի սահմանում էր։
Ազգային վիճակագրական ծառայության դիտարկումներով` գների նվազում է արձանագրվել ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների շուկաներում։ Տասներկուամսյա կտրվածքով ոչ պարենային ապրանքների գնանկումը կազմել է 3,4 տոկոս։ Պարենային ապրանքներն այդ նույն ժամանակահատվածում էժանացել են 3,3 տոկոսով։ Թույլ գնաճային ճնշման տակ է եղել միայն ծառայությունների ոլորտը, որտեղ դիտարկվել է գների 0,8 տոկոսանոց աճ։
Սպառողական գների ինդեքսը բացասական է նաեւ այս տարվա կտրվածքով։ Հունվար-օգոստոսին գնանկումը կազմել է 1,6 տոկոս։
Գնաճային էական ճնշում Հայաստանում չի սպասվում նաեւ առաջիկայում։ Որքան էլ Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ գնանկումը աստիճանաբար կթուլանա, այդուհանդերձ, գոնե առայժմ նման միտում չի նկատվում։
Արտաքին հատվածից սպասումները շարունակում են պահպանել չեզոք վարքագիծ։ Համաշխարհային տնտեսության թույլ զարգացումների հետեւանքով միջազգային շուկաներում գնաճային կանխատեսումներ հիմնականում չկան։ Այդպիսիք են ակնկալիքները թե՛ հանքահումքային եւ թե՛ պարենային ապրանքների դեպքում։
Կանխատեսվում է, որ դեռեւս ցածր մակարդակում կգտնվեն ինչպես նավթամթերքների, այնպես էլ մետաղների գները։ Նույնպիսի իրավիճակ է նաեւ պարենամթերքի, մասնավորապես, բրնձի դեպքում։
Պարենային ապրանքներից արտաքին հատվածում գնաճային սպասումներ կան շաքարավազի շուկայում։ Բերքի կրճատման հետեւանքով ակնկալվում է գների որոշակի բարձրացում։
Ի դեպ, այդ երեւույթն արդեն իսկ նկատվում է, ընդ որում` նաեւ ներքին շուկայում։ Արդեն տեւական ժամանակ` շաքարավազի ներքին գները դանդաղ բարձրանում են։ Նախորդ տարվա համեմատ այս շուկայում գրանցվել է 4,4 տոկոս գնաճ՝ պայմանավորված հիմնականում վերջին մի քանի ամիսների զարգացումներով։
Այդուհանդերձ, Հայաստանում պահպանվում է գնանկումային միջավայրը։ Թե այդ պայմաններում Կենտրոնական բանկը դրամավարկային ինչ քաղաքականություն կորդեգրի առաջիկայում` ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում վերջին շրջանում այն միտված է եղել տոկոսադրույքների նվազմանը։ Մեկ տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջել է 3 նիշով, ինչը բավական մեծ քայլ է։ Թեեւ դրա ազդեցությունը շուկայական տոկոսադրույքների վրա դեռեւս էական չէ։
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ