Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին շրջանի ակտիվությունը պայմանավորված է Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության հետ: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Փորձագետը գտնում է, որ այդ հարաբերությունները ակտիվացել են նաև այն պատճառով, որ ԵԱՏՄ կազմում հայտնվելուց հետո մեր սպասելիքները չեն արդարացել:
«Այդ մասին արդեն խոսում են կառավարությունում, արդեն քննադատողները չէ, որ դա ասում են»,- ասաց քաղաքագետը:
Երրորդ պատճառն, ըստ Ստեփան Գրիգորյանի, Ռուսաստանի զբաղվածությունն է միջազգային հարթությունում:
«Բայց չէ՞ որ մենք սպասելիքներ ունեինք Ռուսաստանից ու ԵԱՏՄ-ից: Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ժամանակ չունի օգնելու: Դա է պատճառը, որ Հայաստանը հիմա փորձում է վերականգնել հարաբերությունները ԵՄ հետ»,- ասում է Գրիգորյանը և շարունակում.
«Նախագահի հանդիպումը եվրոպացիների հետ տարբեր ֆորմատներով, Եվրանեսթի` Հայաստանում անցկացվելը, Սերժ Սարգսյանի հանդիպումները միջազգային տարբեր փորձագետների հետ փաստում են, որ Հայաստանը փորձում է վերականգնել համագործակցությունը Եվրոպայի հետ»: