Հայաստանը պետք է լինի պառլամենտական հանրապետություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
«Այս առումով մենք կարծում ենք, որ սահմանադրական փոփոխությունները տեղին են և շատ նորմալ է: Մյուս կողմից, չեմ կարծում, որ մենք պետք է ընդգրկվենք ինչ-որ գործընթացի: Մենք մեր տեսակետներն ունեցել ենք և հայտարարել ենք: Մենք բոլորս Հայաստանում խոսում ենք, խոսել ենք, առանձին քաղաքական ուժեր իրենց ծրագրում առաջին կետ են ունեցել Սահմանադրական փոփոխություններ անցկացնելը: Եթե հարցը ծրագրում ներառելու ժամանակն էր, ուրեմն ժամանակն էր նաև իրականացնելու»,- նկատեց նա:
Զուրաբյանի կարծիքով՝ սա բացարձակ լավագույն Սահմանադրությունը չէ:
«Չկա այդպիսի բան: Ցանկացած մարդ կարող է փաստաթղթում խոցելի, անընդունելի կետեր գտնել: Բայց Նրանք, ովքեր գտնում են, որ սահմանադրական փոփոխությունները վատն են, իրենց մեջ պետք է ուժ գտնեն ու ասեն, որ այսօրվա գործող Սահմանադրությունը լավն է»,- ասաց նա:
Զուրաբյանը կարծում է, որ իշխանության վերարտադրության համար նշանակություն չունի, թե երկրում կառավարման որ մոդելն է գործում: