«Ամերիկայի ձայնի» լրագրողն այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում զրուցել է համազգային գործադուլին միացած «Սիլ» կոնցեռնի նախագահ, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։
Գործարարն իր խոսքում անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում կատարվող իրադարձություններին, նշեց, որ Հայաստանը պետք է լինի իրավական, համակարգային պետություն. «Հայաստանում պետք է ամեն ինչ լինի համակարգված: Ցանկացած ուսանող, երիտասարդ, որը կունենա բարձրագույն կրթություն, և այդ կրթությունը կհամապատասխանի այն չափորոշիչներին, որոնք պետք են Հայաստանի Հանրապետությունում կառավարել, ղեկավարել, ապա նա պետք է համապատասխան համակարգի միջոցով, առանց ծանոթ-բարեկամ-քավորի, հասնի այնտեղ, որտեղ ինքը պետք է մեր երկրին:
Նաև պետք է ընդհանրապես կոռուպցիան արմատախիլ անել այս երկրից: Հայերը պետք է իրար սիրեն, զարգացնեն Հայաստանը և ոչ միայն հայերը, այլ նաև ամբողջ աշխարհից պետք է գան և Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անեն: Իսկ ներդրումներ են անում, երբ չափորոշիչներով դիտում են այդ երկրում կոռուպցիայի մակարդակը, այդ երկրում ֆինանսական ի՛նչ հարթակներ կան, ի՛նչ կարգի իրավական պետություն է, դրանից հետո, երբ այդ չափորոշիչները բարձր սանդղակում են լինում, ցանկացածը ցանկություն է հայտնում այդ երկրում ներդրումներ անել: Սա՛ է ամբողջ իրականությունը, որը պետք է ընդունենք»:
Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ այս շարժումն արդեն համակարգային բնույթ է կրում, իսկ երբ շարժումն այդպիսին է լինում, պարզ է, որ այն պետք է հաղթի:
Ինչ վերաբերում է երեկ խորհրդարանում տիրած իրավիճակին, վարչապետի ընտրությանը, պարոն Սուքիասյանը նշեց. «Ես, օրինակ՝ կերազեի, որ Հայաստանում ցանկացած պաշտոն նշանակելիս այդ կարգի քննարկում լինի, բայց ես չէի երազի, որպեսզի այդպիսի քվեարկություն լիներ, որովհետև մեզ պետք է, որ ցանկացած օրենք էդպես բազմակարծությամբ քննարկվի, բայց քվեարկությունը, ես կարծում եմ՝ շատ վատն էր: Քաղաքական որոշման արդյունք էր, քաղաքական որոշում է կայացվել քաղաքական կուսակցության կողմից:
Կարծում եմ՝ հանգուցալուծում է պետք, և պետք է արդեն որքան հնարավոր է կարճացնենք լուծման ժամկետները, նաև պետք է այդ պայմանավորվածությունը լինի, նոր մտնեն ԱԺ, հակառակ դեպքում ես կարծում եմ, որ խնդիրներն ավելի կլինեն»:
Խաչատուր Սուքիասյանը նաև հավելեց. «Ազգային ժողովն այս պահին ցրելը մեր երկրին ոչ մի օգուտ չի տալու, ԱԺ նոր ուժեր պետք է գան, և նրանք որոշեն՝ ե՞րբ ցրեն, օրենսդրական նախաձեռնությունով պետք է հանդես գան, փոփոխեն ընտրությունների մասին օրենքը, ռեյտինգային այս համակարգը, որը ներդրվել է վերջին ընտրություններին, կարծում եմ՝ պետք է փոխվի: Եվ շատ բան պետք է փոխվի, մինչև անգամ պետք է առավել խստացվի»:
Factor tv-ի հետ զրույցում էլ գործարարը տեղեկացրեց, որ իրեն պատկանող շատ կառույցներում աշխատողները գործադուլ են անում. «Մենք վաղուց ենք միացել գործադուլին, գործարաններ ունենք, որ այս պահին փակ են, տոնավաճառը և «Ռոսիա մոլը»:
Հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա այն գործարարներին, ովքեր դեռ ժողովրդի կողքին չեն, պարոն Սուքիասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորն էլ հոգով ձեզ հետ են, թե հիմա ով ո՛ր պահին կգիտակցի պահի պահանջը, դա արդեն այլ է: Այդ ավանդույթը եղել է Հայաստանում, որ շատ գործարարներ չխոսեն, չասեն. քչերն են, որ խոսում են»:
Գործարարների չխոսելու պատճառներն էլ, Խաչատուր Սուքիասյանի կարծիքով, հետևյալն է. «Ինքներդ գիտեք, որ Հայաստանում կոռումպացված համակարգ է եղել, ուժային ճնշումներով, և լավ գիտեք, թե ինձ հետ ի՛նչ կատարվեց 2008 թվականին, երբ ես կանգնեցի ժողովրդի կողքին, ի՛նչ ճնշումներ եղան, բայց ես համարում եմ, որ դա իմ կյանքի ճիշտ քայլերից մեկն էր, որովհետև անում ես մի գործ, որը գիտակցելով ես անում, անկախ նրանից, թե ի՛նչ կլինի քեզ հետ»:
Պարոն Սուքիասյանը նաև ընդգծեց. «Եթե ես մտավախություն ունենամ-չունենամ… հասկանո՞ւմ եք՝ մենք նույնպես ժողովրդի զավակ ենք, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք և ավելի շատ ենք տեսնում, այդքան կազմակերպություններ ունենք, որոնք ամեն օր առնչվում են տարբեր պետական մարմինների հետ, ամեն օր նյարդային վիճակ է: Ես միշտ օրինակ եմ բերում իմ կառույցներից մեկը. 1996 թվականին, երբ ես այդ կառույցում մաս պետք է կազմեի, հրավիրեցի համապատասխան մասնագետներ արտասահմանից, որպեսզի աուդիտի ենթարկեն, ինձ տեղեկանք տան, թե ի՛նչ խնդիրներ կան: Առաջին տողը գրված էր՝ արդարության վերականգնում: Հիմա 21-22 տարի է անցել, ինձ մոտ ընդհանրապես այդպիսի բան չկա, որ ես ծանոթով աշխատանքի մարդ ընդունեմ: Ես ամեն անգամ կռվում եմ, ասում՝ ինչի՞ եք ծանոթով ընդունում, ես տեղյակ չեմ՝ ովքե՞ր են այդ համակարգում ընդունվում աշխատանքի, դուք էլ, որպես պետական մարմին, նույն ձևով վարվեք: Հիմա, կարծում եմ՝ ավելի համակարգային պետություն կդառնա, ավելի խոհեմ կգտնվեն, ինչ-որ լուծում կգտնեն, ես կարծում եմ, որ պե՛տք է գան ինչ-որ կոնսենսուսի»: