տուն Լուրեր Հայաստանը պատրաստ է Իրանի հետ սահմանը ծառայեցնել Եվրոպայի և Ասիայի միջև կապ...

Հայաստանը պատրաստ է Իրանի հետ սահմանը ծառայեցնել Եվրոպայի և Ասիայի միջև կապ հաստատելուն. վարչապետ

107
0

Hovik-Abrahamyan

Եվրասիական տնտեսական միության միջազգային և բազմաձևաչափ համագործակցության ընդլայնումը, առանձին երկրների հետ ավելի սերտ առևտրատնտեսական համագործակցությունն առանձնակի կարևորություն է ներկայացնում միության համար: «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` ընդունող կողմի իրավունքով ողջունելով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներին` հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա հավելեց, որ միջազգային համագործակցությունը կարող է ԵԱՏՄ-­ին դուրս բերել զարգացման ավելի բարձր մակարդակի վրա: «Ուստի այսօրվա օրակարգի առանցքային կետերից ես կցանկանայի առանձնացնել Չինաստանի թեման: ԵԱՏՄ­-ի և անդամ­ պետությունների՝ Չինաստանի հետ համագործակցության իրավական ամրագրումը թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել մեր լոգիստիկ հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվում է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով»,­- նշեց վարչապետը: Նա վստահեցրեց, որ Հայաստանը, ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, պատրաստ է իրականացնել այդ նախագիծը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ կազմակերպության զարգացման ներկա փուլում հնարավոր է արձանագրել ապրանքների և ծառայությունների ընդհանուր շուկայի կայացման դրական դինամիկան: «Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկրների ռազմավարական տնտեսական նպատակներին հասնելու համար, համենայնդեպս, կարևորություն է ներկայացնում երեք գործոնների համատեղ շեշտադրումը. «առևտրի ստեղծում», «մասշտաբի վրա տնտեսում» և «տեխնոլոգիական գործոն»: ԵԱՏՄ շրջանակներում արդեն ստեղծվել է ամուր պայմանագրային հիմք, մշակվում են փոխգործակցության համապատասխան ալգորիթմեր և ավելին: Այս հունով համաձայնեցված շարժը, անկասկած, իր ներդրումը կունենա մեր երկրների սոցիալ­տնտեսական զարգացման մեջ, կբարձրացնի մեր տնտեսությունների մրցունակության մակարդակը և համաշխարհային տնտեսության մեջ դրանց ներգրավման աստիճանը»,­-նշեց վարչապետը: Նրա խոսքով` առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-­ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը երկրներին թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները: Այդ համատեքստում նա կարևորեց նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունման նշանակությունը: «Մենք կողմ ենք նիստի համար համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ներառում են ԵԱՏՄ­-ում մեր փոխգործակցության տարբեր ոլորտներ»,- ­հավելեց Հովիկ Աբրահամյանը: Ամփոփելով խոսքը` նա նիստի անդամներին ցանկացավ արդյունավետ աշխատանք և փոխընդունելի որոշումների մշակում` նիստի հետագա վարման համար խոսքը փոխանցելով Ղազախստանի վարչապետ Կարիմ Կաժիմկանիին: Հայաստանում անցկացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ­երկրների կառավարությունների ղեկավարների հավաքը: Երկրների վարչապետներն այս տարի հանդիպում են արդեն երկրորդ անգամ, առաջինը կայացել է Մոսկվայում ապրիլի 13-­ին: Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերն անհրաժեշտության դեպքում անցկացվում են տարին առնվազն երկու անգամ: Որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: