Հայաստանում թուրքական հագուստի արտոնյալ մաքսազերծում չպետք է լինի։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Փոխանցում է Sputnik Արմենիան:
Հուլիսից այդ կարգը չի գործում, և ապրանքը պետք է ձևակերպել բոլոր կանոններով։ Միաժամանակ դրանից պետք է վճարել նաև բոլոր անհրաժեշտ հարկերը։ Հագուստը չի թանկանա՞։
«Հասկանում եմ, և ամեն դեպքում մաքսազերծման նախկին կարգն անարդար էր։ Բացի այդ, այն խանգարում է նաև տեղական արտադրությանը։ Ինչո՞ւ տեղի տրիկոտաժից կամ հագուստից պետք է գանձել բոլոր հարկերը, իսկ ներկրվողից` ոչ։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է աշխատեն մեր կարի ֆաբրիկաները», — ասաց Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ ՊԵԿ-ում ստեղծվել են ստորաբաժանումներ, որոնք կօգնեն մանր ներկրողներին բեռների ձևակերպման հարցում։
Նշենք, որ այսօր «Առինջ մոլի» առևտրականները բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով պահպանել կիլոգրամներով մաքսազերծումը (3 դոլար` 1 կգ հագուստի համար, անկախ դրա իրական արժեքից)։