Հայաստանն ակնկալում է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ինչպես նաև ՀԱՊԿ-ը թիրախավորված գնահատականներ տան Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներին:
Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ից, երբ հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը:
«Մեր ակնկալիքն առաջին հերթին այն է, որ պահպանվեն բոլոր միջազգային նորմերը, երբ հրադադարը խախտող կողմը արժանի գնահատական ստանա:
Դրա լավագույն տարբերակներից մեկը վստահության մեխանիզմի ձևավորումն է, որը կարելի է կյանքի կոչել միջազգային հետաքննության մեխանիզմի ներդրման եղանակով»,- նշեց նախարարը: