Ռուսական Lenta.ru կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի մասին, որում անդրադարձ է կատարել երկրի զբոսաշրջային հմայքին և հեռանկարներին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` «Ինչպես է Հայաստանը վերածվում գաստրոնոմիական զբոսաշրջության կենտրոնի» խորագրով հոդվածում կայքը գրել է, որ «Առանց սահմանների» կինոկատագերգության վարձույթի դուրս գալուց հետո, որի գործողությունները տեղի են ունենում Անդրկովկասում, բոլորի ուշադրությունը սևեռված է այդ տարածաշրջանի վրա, իսկ հատկապես Հայաստան մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ են այցելում, ովքեր հետաքրքիր և յուրահատուկ խոհանոց են փնտրում: Հայաստանն աչքի է ընկնում գինեգործությամբ և ռուսալեզու աշխարհում Հայաստանի հետ ասոցացվող հայկական կոնյակով:
Կայքն անդրադարձել է հայկական կոնյակի պատմությանը՝ նկատելով, որ դեռևս անցած դարի սկզբին այն ներկայացվել է ֆրանսիական ցուցահանդեսներում և արժանացել մրցանակների: Նշվում է, որ Բիբլիական Արարատը՝ երկրի խորհրդանիշը, դարձել է Հայաստանի բրենդը, ու հենց Արարատյան դաշտավայրի սպիտակ խաղողից էլ «ծնվում» է հայկական կոնյակը: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները` գինեգործական տուրիզմի զարգացման համար: «Խոսքն առաջին հերթին խաղողի տեսակի մասին է, որն աճում է Արարատի ստորոտին, որը համաձայն լեգենդի՝ բացի հայկական հողից, այլ վայրերում չ ի աճում: Արարատյան դաշտավայրի հողը հրաբխային է և այնքան բարակ է, որ խաղողի վնասատուներն այնտեղ գոյություն չունեն: Իսկ հայկական գինեգործության գլխավոր առեղծվածն այն է, որ խոսակցությունների համաձայն՝ այս հողի վրա խաղողի առաջին վազերը տնկել է Նոյը և հենց նա էլ առաջինը փորձարկել քաղցր գինին»,- գրել է կայքը:
Անդրադառնալով հայկական խոհանոցին՝ կայքը նշել է, որ կարելի է շրջել Հայաստանի շուկաներում, գնել ընկույզից պատրաստված համեղ մուրաբաներ, աղի պանիր: «Բայց շատ ավելի լավ է շրջանցել Հրազդան գետը, դուրս գալ Հանրապտության հրապարակ և Աբովյան փողոցով գնալ դեպի «Դոլմամա» ռետորան: Այս ռեստորանում լուրջ են վերաբերում տեղական ավանդույթներին: Այստեղ ձեր աղցանի այծի պանիրը կլինի հենց եղեգնաձորի տարածաշրջանից: Եվ պետք է խոստովանել, որ եղեգնաձորցիներին հաջողվում է պահպանել պանրի իդեալական համը: Կարևոր է նշել, որ Հայաստանում գիտակցաբար կարել ի է սնվել օրվա մեջ ընդամենը մեկ անգամ: Մարդու կամքի ուժը թույլ չի տալիս վեր կենալ սեղանից՝ տեղական բոլոր ուտելիքները չփորձած, իսկ հետո ուժերը չեն հերիքի երկրորդ անգամ սեղան նստելու համար»,- գրել է կայքը:
Եզրափակելով հոդվածը՝ Lenta.ru-ն նշել է, որ շատ հաճելի է երեկոյան կարմիր տուֆով կառուցված Երևանի փողոցներում զբոսնելը՝ չմոռանաով վայելել հայկական թունդ սուրճը, հոնի, թթի, տանձի կամ ծիրանի օղին և լինել «Մալխաս» ջազ ակումբում: