ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումը գումարվելու է Ադրբեջանում, որին Հայաստանը չի մասնակցելու: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ ֆորումն անցկացվում է մի երկրում, որտեղ ծաղկում են այլատյացությունը, հայատյացությունն ու անհանդուրժողականությունը, ուստի, ինչպե՞ս կարող է Հայաստանը մասնակցել:
«Քաղաքակրթությունների ֆորումը կոչված է պաշտպանելու համամարդկային բարձր արժեքներ: Կազմակերպել այդ ֆորումը մի երկրում, որտեղ այդ արժեքները ոտնահարվում են կոպտագույն ձևով. ինչպե՞ս Հայաստանը կարող էր մասնակցել այդ ֆորումին»,- այսօր ԱԳՆ-ում ՌԴ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ այդ ֆորումը կդառնա Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղաքակրթական, համամարդկային արժեքների դեմ դրսևորումների քննադատման ֆորում:
«Շատ երկրներ, միջազգային կառույցներ իջեցրել են մասնակցության մակարդակն այդ ֆորումի, պետք է հույս ունենալ, որ գնացողներն էլ համարձակություն կունենան եւ համապատասխան ձևով կարտահայտվեն՝ քննադատելով այն հայատյացությունն ու անհանդուրժողականությունը, որ տիրում է այդ երկրում, ինչպես նաեւ բարբարոսությունները, որոնք իրականացվեցին ֆորումի անցկացման վայրից մի քանի կիլոմետր հեռավորությամբ»,- հավելեց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: