Ամենադինամիկ զարգացող ոլորտը Հայաստանում Տեղեկատվական տեխոլոգիաների ոլորտն է, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը: «ՏՏ ոլորդը ամենադինամիկ զարգացող ոլորտն է Հայաստանում, ամենամեծ հավելյալ արժեք ստեղծողը: ՀՆԱ-ում մինչև 4 տոկոս է տեսակարար կշիռը: Տարեկան ապահովում է մոտ 20-25 տոկոս աճ, և հեռահաղորդակցության հետ միասին այս ոլորտի աշխատակիցների քանակը հասնում է մոտ 15 հազարի: Այս տվյալները համադրելով՝ այլ երկրների ցուցանիշների հետ ակնհայտ կտեսնենք, որ բավականին բարձր ցուցանիշներ ունենք»:
Պոզիտիվ ցուցանիշների մասին էլ խոսեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրենը: «Հայաստանում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության թիվն ավելի շատ է, որը շատ գովելի է: Հայաստանը, իմ կարծիքով, ամենաբարձր տեղերից մեկում է գտնվում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության ցուցանիշով, եթե ոչ ամենաբարձրը: ԱՄՆ-ում այս ցուցանիշը հասնում է մինչև 9,5 տոկոսի, Հայասատանում՝ 27 տոկոս: Սա շատ լավ է, քանի որ ՏՏ ոլորտը բավական բարդ ինժիներական, ճարտարագիտական աշխատանք է, որը պահանջում է լուրջ կենտրոնացում, մեծ աշխատասիրություն, և պատասխանատվության մեծ զգացում, որը տղամարդկանց համեմատ՝ կանանց մոտ ավելի ակնհայտ է: Կանանց մոտ նաև բարձր է մոտիվացիան գիտելիքներ ձեռք բերելու, նոր տեխնոլոգիաների հետ առնչվելու համար: Հայաստանում ՏՏ ոլորտում կանանց ներգրավված լինելու տոկոսը աճելու միտում ունի, որը ևս շատ դրական արդյունքների կհանգեցնի»: