ՀԱՊԿ-ի զորավարժություններ են նախատեսվում Հայաստանում: Այս մասին այսօր հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները վկայում են ռազմական համագործակցության բարձր մակարդակի մասին: «Մեր նպատակն է զարգացնել մեր բանակը, ուժեղացնում ենք մեր բանակը, որը ոչ թե վիրտուալ խոսակցություն է, այլ իրականություն: Պոտենցիալ հակառակորդները զգում են, որ կա դաշինք, կան պարտավորություններ»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Տեղեկացնենք, որ Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 7-ին տեղի կունենա «Որոնում 2017» զորավարժության բաց փուլը, կցուցադրվի երկրի ԶՈՒ-ի սպառազինությունը:
Araratnews.am-ի դիտարկմանը, թե մշտապես խոսում են, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ապահովված է Հայաստանի անվտանգությունը, այդ մասին վերջերս հայտարարել էր ՀԱՊԿ-ի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Մասնավորապես, ռուս պաշտոնյան հայտարարել է՝անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում մյուս անդամ երկրները պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները: Իսկ որտե՞ղ էր ՀԱՊԿ-ը ապրիլյան պատերազմի օրերին: Մեր այս հարցը կարծես զայրացրեց նախկին պաշտոնյային: Պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ իրավական տեսանկյունից Արցախը Հայաստանի կազմում չէ, հետեւաբար պետք չէ այդպիսի հարց հնչեցնել, թե որտե՛ղ էր ՀԱՊԿ-ը: «Դուք այդ հարցը հնչեցնում եք ՀԱՊԿ-ը վարկաբեկելո՞ւ համար: ՀԱՊԿ-ն իր տեղում էր: Ապրիլյան պատերազմում մենք հայտարարեցի՞նք Ադրբեջանին պատերազմ: Ո՛չ, քանի որ սրանք լոկալ գործողություններ էին, եւ պաշտպանական բանակն ի վիճակի էր կանխել դա»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Մեր մյուս հարցը՝ արդյոք ՀԱՊԿ-ում լինելը չի՞ կաշկանդում ՆԱՏՕ-ի հետ խոր համագործակցությունը: Վաղարշակ Հարությունյանին հիշեցրինք, որ Հայաստանը չմասնակցեց ՆԱՏՕ-ի վերջին զորավարժությանը, իսկ վրացական կողմը հայտարարեց՝ Հայաստանը վերջին պահին է հրաժարվել մասնակցել: Նախկին պաշտոնյայի համար հիմք է ոչ թե Վրաստանի, այլ ՀՀ պաշտոնյաների՝ ՀՀ ՊՆ-ի պատասխանը: «Ոչ մի կաշկանդվածություն չունենք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ: Իսկ գիտեք, թե ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-Վրաստան, ՆԱՏՕ-Ուկրաինա համագործակցությունը: Այն մակարդակի, ինչպիսին են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները»,- վստահեցրեց բանախոսը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ