Հայաստանը մասամբ օդային, հողային և ջրային շրջափակման մեջ է գտնվում, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին խոսեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
«Մենք մասամբ շրջափակման մեջ ենք, հայ-թուրքական սահմանը փակ է, մյուս կողմից Ադրբեջանի սահմանն է: Մասամբ նաև օդային շրջափակման մեջ ենք, ջրային շրջափակման մասին չխոսեմ»,- հայտնեց Ստեփան Գրիգորյանը:
Մի քանի օր առաջ Ռուսաստանի երկաթգծի ղեկավարը հայտնեց, որ դեմ է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը, շեշտեց քաղաքագետը: Հայաստան-Իրան երկաթգիծը մեզ տալիս է մի քանի առավելություններ՝ առևտրից սկսած: Սակայն միայն դա չէ, որը այս թանկ երկաթգծի կառուցման պատճառն է դառնալու: Եթե կառուցվի Հայաստան-Իրան երկաթգիծը, ապա անիմաստ կդառնա հայ-թուրքական սահմանի փակ մնալը, շեշտեց Ստեփան Գրիգորյանը: Հայաստանի համար պետք է ստեղծել այլընտրանքային տարբերակ:
«Մեր կառավարությունը շատ անգամ մոռանում է, որ մենք շրջափակման մեջ ենք: Ռուսները դեմ են այս երկաթգծի կառուցմանը, քանի որ ցանկանում են, որ Հայաստանը չունենա այլընտրանքային տարբերակ և ավելի կապված լինի Ռուսաստանի հետ: Կոչ եմ անում կառավարությանը Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման բանակցությունները սկսել»,- ասաց քաղաքագետը:
Օդային շրջափակմանը անդրադառնալով՝ Ստեփաբ Գրիգորյանը հայտնեց, որ Վրաստանում երկու անգամ ավելի էժան է Փարիզ մեկնելը օդանավով, քան Հայաստանից: Սա ևս մտահոգիչ է քաղաքագետի համար, քանի որ օդային այսպիսի սահմանափակումները ստիպում են արտերկիր մեկնող հայերին մեկնել նախ Վրաստան, ապա այնտեղից Եվրոպա, կամ ցանկացած ուրիշ վայր՝ հարստացնելով վրացական ավիաընկերություններին:
Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման խոսակցությունները վերսկսելու դեպքում քաղաքագետը հայտնեց, որ հնարավոր է ռուսական կողմից մեծ արձագանք լինի: «Ռուսները կրկին կբարձրացնեն ռուս-աբխազական երկաթգծի բացման իրենց ծրագրերը, որը այդպես էլ չի իրականացվելու: Աբխազիան խնդիր է դրել Ռուսաստանի առջև, որ Վրաստանը իր տարածքները ճանաչի: Սա չի կատարի Վրաստանը և ռուս-աբխազական երկաթգիծը այդպես էլ չի կառուցվի: Այս խոսակցությունների ֆոնի վրա էլ ռուսամետ հայ քաղաքական գործիչները կհայտարարեն, որ ինչների՞ս է պետք այդ թանկարժեք Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, երբ կարելի է ավելի էժան երկաթգիծ ունենալ: Այնպես որ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը կմղվի երկրորդ պլան, իսկ ռուս-աբխազականը այդպես էլ չի կառուցվի»:
Արևիկ Նահապետյան