տուն Լուրեր Հայաստան է ժամանել Կլեման Նյալեցոսի Վուլեն

Հայաստան է ժամանել Կլեման Նյալեցոսի Վուլեն

59
0

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, նոյեմբերի 7-16-ը` նա կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը:

«Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղիով է ընթանում.  այն հսկայական     ներուժ  է պարունակում   մարդու իրավունքների,  հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի   համապարփակ    պաշտպանության  և ամրապնդման ուղղությամբ , ինչպես նաև  օրենքի գերակայության առումով՝ ժողովրդավարական ձեռքբերումներից և տնտեսական զարգացումից օգտվելու համար», — ասել է մարդու իրավունքների անկախ փորձագետը:

«Այս այցը հնարավորություն կընձեռի ինձ ուսումնասիրելու Հայաստանում խաղաղ հավաքների և միություններ կազմելու ազատությանն առնչվող խնդիրները՝  ներգրավված տարբեր դերակատարներից անմիջականորեն ստացված   տեղեկատվության միջոցով»:

Իր 10-օրյա առաքելության ընթացքում Վուլեն կայցելի Գյումրի, Վանաձոր, Վայք և Երևան, կհանդիպի կառավարության աշխատակիցների, դատական համակարգի, օրենսդիր համակարգի ներկայացուցիչների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նա կհանդիպի նաև դիվանագիտական կորպուսի, ՄԱԿ-ի համակարգի և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հատուկ զեկուցողի  մամուլի ասուլիսը կկայանա  նոյեմբերի 16-ին ժամը 11:30-ին, ՄԱԿ–ի գրասենյակում՝ Երևան, Պետրոս Ադամյան 14 հասցեում: Ասուլիսի մուտքն ազատ կլինի միայն լրագրողների համար:

Հատուկ զեկուցողը  իր այցի մասին համապարփակ զեկույց կներկայացնի 2019 թ. հունիսին Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանին :

Կլեման Նյալեցոսի Վուլեն Տոգոյից է, 2018 թ. մարտին նշանակվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող` խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով: Նա իրավաբան է և ներկայումս աշխատում է Ժնևում` մարդու իրավունքների ոլորտում: Նա Ժնևի մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ակադեմիայի ասոցացված գիտաշխատող է: Նախքան այս նշանակումը նա ղեկավարել է Մարդու իրավունքների միջազգային ծառայության (ISHR) աշխատանքը: Պրն. Վուլեն նաև աշխատել է որպես Տոգոյում մարդու իրավունքների պաշտպանների կոալիցիայի գլխավոր քարտուղար, որպես Տոգոյում միջազգային քրեական դատարանի կոալիցիայի քարոզչության հարցերի պատասխանատու և Ամնեսթի ինթերնեշնլ իրավապաշտպան կազմակերպության Տոգոյի բաժանմունքի գլխավոր քարտուղար: 2011 թ. ի վեր պրն. Վուլեն եղել է Մարդու և ժողովուրդների իրավունքների առնչությամբ հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Աֆրիկյան հանձնաժողովի աշխատանքային խմբի փորձագետ անդամ:

Հատուկ զեկուցողները մասն են կազմում Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերի: Հատուկ ընթացակարգերը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համակարգում անկախ փորձագետների խոշորագույն մարմինը, խորհրդի անկախ փաստահավաքման և մոնիտորինգի մեխանիզմների ընդհանուր անվանումն է, որը զբաղվում է կա՛մ կոնկրետ երկրների իրադրություններով, կա՛մ էլ աշխարհի բոլոր մասերին վերաբերվող թեմատիկ հարցերով: Հատուկ ընթացակարգերի փորձագետները աշխատում են կամավոր հիմունքներով. նրանք ՄԱԿ-ի աշխատակիցներ չեն և չեն վճարվում իրենց աշխատանքի համար: Նրանք կախված չեն որևէ կառավարությունից կամ կազմակերպությունից և ծառայում են իրենց անհատական կարողությունների հիման վրա: