Հայաստան-Բելառուս (0:0) հանդիպման երկրորդ խաղակեսին խաղադաշտ ներխուժեց ֆուտբոլասերներից մեկը, ով ճայթրուկը ու միջնամատը վեր պարզած վազեց կառավարական օթյակի ուղղությամբ: Քիչ անց իրավապահները երկրպագուին հեռացրին մարզադաշտից: Հետո պարզվեց, որ ասպարեզում հայտնված ֆուտբոլասերը 23-ամյա Հայկ Բաբայանն է: Armsport.am-ը զրուցել է Բաբայանի հետ, որն արդեն ազատության մեջ է:
— Հայկ, իրավապահները մեծ ուժերով Ձեզ բերման ենթարկեցին: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մարզադաշտից դուրս:
— Ճնշում չէին գործադրում: Հարցրին անուն, ազգանունս, խաղադաշտ ներխուժելու նպատակը, նման հարցեր: Նրանց շատ բան չեմ ասել, միայն իմ տվյալները և նպատակը, որի մասին քիչ առաջ ասացի: Մոտ 1 ժամ 20 րոպեից, զեկուցագիր գրելուց հետո, բաց թողեցին:
— Ի՞նչը դրդեց նման քայլի դիմել:
— Դա այսքան տարիների ընթացքում մեր ֆուտբոլի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ոչ միայն իմ, այլ նաև ողջ հասարակության մեջ կուտակվածի պատասխանն էր: Սա բողոքի մի ձև էր, որն ուղղված էր ՀՖՖ-ին, որպեսզի նրանք հասկանան, որ այս կերպ այլևս չի կարող շարունակվել, և որ միակ ելքը ֆեդերացիայի նախագահի ու գործկոմի ողջ կազմի հրաժարականն է:
— Խաղի անվտանգությունը ապահովելու համար ներգրավվել էին մեծ թվով անձինք՝ ոստիկաններ, ինչպես նաև «Արմոբիլ» անվտանգության ծառայության բազմաթիվ ներկայացուցիչներ: Ինչպե՞ս հաջողվեց ներխուժել խաղադաշտ:
— Դա ես միայնակ էի ծրագրել, ոչ ոք չգիտեր, որ նման քայլի կդիմեմ: Հսկողությունը խստացված էր, սակայն արագության շնորհիվ կարողացա արանք գտնել և ոստիկաններին ինձնից ետ թողնել:
— Եթե Ձեզ չկասեցնեին, ինչպիսի՞ն էին լինելու Ձեր հետագա գործողությունները:
— Իմ մտածածի հիմնական մասն արեցի: Եթե չբռնեին, կշարունակեի վազել մինչ կհասնեին ինձ, միևնույն է բռնելու էին… Կարևորը արարքս հասկացվեց:
— Ձեզ որևէ պատիժ սպառնո՞ւմ է այս միջադեպի համար:
— Տեղում ասացին, որ իմ նկատմամբ վարչական տույժ չի կիրառվելու: Սա ոչ քաղաքական, ինչպես նաև վտանգ չպարունակող քայլ էր: Որքան տեղյակ եմ, ֆեդերացիան այդ միջադեպի համար տուգանք է վճարելու: