Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանն, անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, ասաց, որ դրանք Հայաստանի համար բավական կարևոր են տարբեր ասպեկտներից:
«Կարևոր է նաև, թե ինչ մոտեցումներ ձեռք կբերվեն Հայաստան-Ռուսաստան, Եվրասիական միության երկխոսության շրջանակներում բոլոր խնդիրները լուծելու և տարածաշրջանային քաղաքականության առումով: Եթե նկատել եք, մի քանի շաբաթ առաջ տեղի էր ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Նախիջևանում: Նաև մամուլում կա տեղեկություն, որ, հնարավոր է, այդ շրջանակներում քննարկվել է համատեղ ռազմական միավորման ստեղծման հարցը, որի առաքելությունն է լինելու նավթամուղերի պաշտպանությունը»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով` չի բացառվում նաև, որ Վրաստանի պաշտպանության նախարարի մի քանի օր առաջ Հայաստան կատարած այցը հենց դրանով է պայմանավորված:
«Բայց ես կարծում եմ, որ Վրաստանում էլ հասկանում են, որ այդ խնդրի լուծման գործում հենց ադրբեջանական ներգրավվածությունը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չի, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն՝ և´ ԼՂՀ Պաշտպանության բանակի, և´ ՀՀ Պաշտպանության նախարարության ուժերի պատասխան հարվածի ամենահնարավոր թիրախներն են դառնալու հենց այդ նավթային կառույցները: Հենց այդ կողմին էլ, կարծում եմ, վրացական կողմը պետք է շատ ուշադիր հետևի: Նրանք պետք է հաշվի առնեն նաև Հայաստանի` ՀԱՊԿ անդամ և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից լինելու փաստը»,- նկատեց քաղաքագետը: