Վրաստանը այն քիչ երկրներից մեկն է, որի հետ Հայաստանի առևտրի հաշվեկշիռը դրական է: Ըստ վիճակագրական ծառայության տվյալների 2013թ.-ին Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 150,9 մլն. ամերիկյան դոլար, որտեղ արտահանումը կազմել է 85,1 մլն. դոլար, ներմուծումը կազմել է 65,8 մլն. դոլար (ըստ ապրանքի ծագման երկրի), իսկ առևտրի դրական հաշվեկշիռը կազմել է 19,3 մլն. դոլար: Եթե 2010 թ.-ին առևտրի հաշվեկշիռը բացասական է եղել, որը կազմել է՝ 5,3 մլն. դոլար, ապա 2011 թ.-ից սկսած առևտրի հաշվեկշիռը դրական է և աճի միտումներ է ցուցաբերում: Ավելացնենք նաև, որ ըստ առևտուր անող երկրի հատկանիշի, Վրաստանի տարածքով ներմուծվել է 479,8 մլն. դոլար ապրանք, այսինքն միջնորդավորված առևտրի ծավալը կազմել է մոտ 414 մլն. դոլար, որի հիմնական մասը Թուրքիայից ներմուծվող ապրանքներն են (մոտ 160 մլն. դոլար) և Վրաստանի տարածքով վերարտահանվող ավտոմեքենաները:
Միաժամանակ, ըստ Վրաստանի պաշտոնական վիճակագրական տվյալների (National Statistics Office of Georgia), 2013թ.-ին դեպի Հայաստան արտահանումը կազմել է 315,4 մլն. դոլլար, իսկ ներմուծումը՝ 181,9 մլն. դոլլար: Նշենք, որ Հայաստանից ներմուծումը 2012 թ.-ին կազմել է 70,8 մլն. դոլլար, այսինքն նախորդ տարի ներմուծումը աճել է 2,5 անգամ: Հավանաբար Հայաստանը նույնպես հանդիսանում է որոշ ապրանքների միջնորդավորված առևտրի տարածք Վրաստանի համար: Իսկ արտահանման կառուցվածքում ընդգրկված են ոչ միայն արտահանվող վրացական ծագման ապրանքները, այլ նաև վերարտահանվող մեքենաների մաքսային արժեքը, սակայն հավանաբար վրացիների կողմից չի հաշվառվում իրենց տարածքով տեղափոխվող թուրքական ծագման ապրանքները: Այսինքն, երկու երկրների արտահանման և ներմուծման տվյալների էական անհամապատասխանությունը պայմանավորված է միջնորդավորված առևտրի հաշվառման մեթոդաբանությամբ և հավանաբար ստվերային առևտրի փաստով, երբ կողմերը մաքսային հաշվառման չեն ենթարկում ներմուծվող կամ արտահանվող ապրանքների մի մասը:
Եթե դիտարկենք 1 մլն. դոլարը գերազանցող մաքսային արժեք ունեցող արտահանվող ապրանքները, ապա դեպի Վրաստան ամենաշատը արտահանում ենք՝ շիշ և այլ ապակե տարաներ, ապա ցեմենտ, կարտոֆիլ, ոչխարներ, էթիլային սպիրտ, սիգարներ, դեղամիջոցներ, սուրճ և այլն: Այստեղ հատկապես հետաքրքիր է, որ դեպի Վրաստան արտահանում ենք նաև բնական և հեղուկ գազ (4,3 մլն. դոլար մաքսային արժեքով, 2014 թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ), ինչպես նաև նաև մարդատար ավտոմեքենաներ (1մլն. դոլար, 2014 թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ): Վրաստանից ներկրում ենք ազոտական պարարտանյութ, գինի, հանքային ջրեր, գիպսից արտադրանք, ցիտրուսային մրգեր, փայտանյութից սալիկներ, ցիանիդ, ոսկուց և արծաթից պատրաստված իրեր՝ սրանց մաքսային արժեքը նույնպես գերազանցում է մեկ միլիոն դոլարը: Հետաքրքիր է, որ ներմուծում ենք նաև էլեկտրաէներգիա (7,5 մլն. դոլար, ընթացիկ տարվա 3 եռամսյակի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,9 մլն. դոլարի համեմատ):
Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ըստ մաքսային արժեքի մեր երկրից աճել է բնական և հեղուկ գազի, կարտոֆիլի, ոչխարների արտահանումը, նվազել է ցեմենտի, շշերի, մարդատար մեքենաների, սուրճի և սիգարների արտահանումը: Վրաստանից ընթացիկ տարում աճել է սոխի և սխտորի, հանքային ջրերի, գինիների, էլեկտրաէներգիայի, ցիանիդի ներմուծման ծավալները:
Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է 7-րդ առևտրային գործընկերը, ունենալով 4,6% տեսակարար կշիռ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի կառուցվածքում: Իսկ Հայաստանի համար Վրաստանը գտնվում է 11-րդ տեղում 2,6% տեսակարար կշռով: Երկու երկրների առևտրի վրա որոշակի ազդեցություն կունենան դրամի և լարիի փոխարժեքների տատանումները:
Սակայն, էլ ավելի կարևոր նշանակություն կունենան եվրոպական կամ եվրասիական շուկաներին ինտեգրման արդյունքում ընթացող հետագա զարգացումները: Նույնիսկ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո, Վրաստանը, ինչպես նաև Իրանը պետք է ունենան էլ ավելի կարևոր նշանակություն, քան ունեին: Չմոռանանք, որ այս երկրները արտաքին աշխարհի հետ կապի միակ ցամաքային ուղիներն են և պետք է առաջին հերթին հենց այս երկրների հետ զարգացնենք բոլոր տեսակի հարաբերությունները:
Սարգիս Մանուկյան