Հայ թուրքական հարաբերությունները դիտարկվում են տարբեր հարթությունների վրա, բացի հայ-թուրքականից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Հայ-թուրքական հարաբերություններն այօսր ավելի շատ դիտարկվում են Արևմուտք-Թուրքիա, Արևելք-Թուրքիա, անգամ թուրք-քրդական հարաբերությունների համատեքստում, արդյունքում բուն հայ-թուրքական կոնտեքստում երկկողմանի հարաբերությունները չեն դիտարկվում»,-նշեց բանախոսը:
Ըստ վերջինիսˋ սա էապես խաթարում է նաև միջազգային համատեքստում Ցեղասպանության հարյուրամյակի ընկալմանը: «Սա նշանակում է, որ մենք չենք կարողացել և չենք էլ կարողանա լուրջ փաթեթ ներկայացնել հարյուրամյակի առիթով: Բացի այդˋ պետք է նախ հստակեցնել, թե որն է եղել Ցեղասպանության ճանաչման նպատակը: Ի վերջո մենք պարզապես ճանաչում չենք ուզում, այլ ուզում ենք համապատասխան փոխհատուցում: Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքները ոչ թե պատմական հայրենիքի տարածքն է, այլ այն տարածքը, որն իրավական փաստաթղթով ՀՀ մասն է կազմում, մինչդեռ, այսօր Թուրքիայի տիրապետության տակ է»,-նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Արա Պապյանի գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսիք չկան, փոխարենը Թուրքիայի կողմից կա թշնամանք Հայաստանի նկատմամբ, որից օգտվում է նաև Ադրբեջանը: