«Հայաստանի Հանրապետության քվեարկությունը ՄԱԿ-ում անակնկալ չէր, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանը մնում է խնդրին բացառապես բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Հայաստանը մնում է խնդրի բանակցային լուծման կողմնակիցը։ «Կոչ ենք կողմերին՝ բանակցությունների հիման վրա հասնել տրամաբանական խաղաղ կարգավորման։ Հայաստանը, որպես պետություն որն ինքն է ընդգրկված բանակցային գործընթացներում, չի կարող այլ կերպ արտահայտվել։ Մեր քվեարկությունը բխում է այդ պաշտոնական դիրքորոշումից, շատ հավասարակշռված է»,- ասել է Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Երուսաղեմում ունենք մեծաթիվ հայ համայնք։
Խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարության մասին՝ Շարմազանովը նշել է, թե այդ հայտարարությունը տարօրինակ եւ անընդունելի է ու միայն Հայաստանի, այլեւ բոլոր կողմերի համար։ «Հայ-թուրքական արձանագրությունները առանց նախապայմանների արձանագրություններ են, եւ Թուրքիայի ԱԳ նախարարի որեւէ բառ ընդգրկված չի եղել արձանագրություններում: Հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հակամարտության հետ նույնքան տարօրինակ է, եթե մենք դա կապենք թուրք-կիպրական հարաբերությունների հետ»։