Ադրբեջանում 2013-ի օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձավ հայրենիք: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դրոշներով ու ծաղիկներով դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերները, համագյուղացիները: Օդանավակայանի սպասասրահ Հակոբը մտավ վազելով ու թռչկոտելով և անմիջապես նետվեց հարազատների գիրկը: Ներկաների աչքերին երջանկության արցունքներն էին:
Այնուհետև Հակոբ Ինջիղուլյանը պատասխանեց լրագրողների հարցերին և ընդգծեց, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: Նա նաև նշեց, որ ինքը շարունակելու է ծառայությունը, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքն ամբողջությամբ չի հանձնել. դեռ 9 ամիս պետք է ծառայի:
Հարցին, թե ինչպես են իրեն վերաբերվել Ադրբեջանում և ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժների որ մասն է իրականությանը համապատասխանել, պատասխանեց, որ չի ուզում այդ թեմայից խոսել, քանի որ իր համար շատ դժվար է եղել, բայց ժամանակի ընթացքում կարողացել է գերության մեջ ապրել։
«Այո՛, ինձ ծեծել են ու հայհոյել: Ասել են մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես, էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների ներքո էին, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին ինչ պետք ա խոսամ: Կարմիր խաչի այցելությունից առաջ էլ էին կանչում ասում, թե ինչ պետք ա խոսամ, իմ նամակները ընթերցում էին … Նամակներից բովանդակությունն իրենք ասում էին, ես արդեն իմանում էի` ինչ պետք ա գրեմ»,– պատմեց նա:
Ինչ վերաբերում է ներկայիս ֆիզիկական վիճակին, ապա նա նշեց, որ այս պահին իրեն լավ է զգում, հատկապես հոգեպես: Նա շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին` իրեն գերությունից ազատելու համար։
Հակոբ Ինջիղուլյանն ընդգծեց, որ ինքնակամ է որոշել վերադառնալ Հայաստան, իսկ միջազգային կազմակերպությունները աջակցել են: Հարցին, թե ինչու անմիջապես հայրենիք չվերադարձավ, այլ մեկնեց երրորդ երկիր, պատասխանեց. «Ադրբեջանական ղեկավարությունն է ասել, որ պետք է գնաս երրորդ երկիր, եթե փորձես փախչել գերությունից կամ այնպես անես, որ գնաս Հայաստան, քեզ գնդակահարություն է սպասվում: Գնացի երրորդ երկիր և եկա Հայաստան»: