Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպայի նետաձգության Գրան պրի մրցաշարի 1-ին փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը բավականին բարձր արդյունք է ցուցաբերել:
Հայաստանի նետաձգության ազգային ֆեդերացիան հայտնում է, որ հայ նետաձիգները գրավել են 3-րդ հորիզոնականը՝ շրջանցելով Թուրքիայի նետաձգության հավաքականին:
«Եթե մեր հավաքականին հաջողվի նաև հունիսի 12-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարում անգամ կրկնել այս հաջողությունը, ապա դա մեզ թույլ կտա հանդես գալ Օլիմպիական խաղերում, ինչը բավականին լավ ցուցանիշ է: Ինքս գոհ եմ մեր նետաձիգների արդյունքից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը:
Սոֆիայում կայացած մրցաշարում տղամարդկանց թիմային պայքարում (ընդհանուր 94 նետաձիգներ) հայ նետաձիգներ Վասիլ Շահնազարյանը, Գևորգ Հազարումյանը և Արամայիս Ապրեսյանը ցանկալի արդյունքի են հասել՝ 3-4-րդ տեղերի համար պայքարում հաղթելով Թուրքիայի ներկայացուցիչներին: Այդ հաղթանակի շնորհիվ հայ նետաձիգներն արժանացել են բրոնզե մեդալների:
Գրան պրի մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել են 17 պետությունների 157 նետաձիգներ: Սոֆիայում անհատական պայքարում հանդես է եկել նաև Նունե Վասիլյանը, ով 63 աղջիկների մեջ զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը:
«Ընդհանրապես հավաքական ձևավորելու համար անհրաժեշտ են 4-6 մարզիկներ: Մենք ունենք աղջիկների հավաքական, սակայն բավականին հաճախ են փոփոխություն լինում այդ հավաքականի կազմում, այդ պատճառով մինչև այժմ դեռ պարզ չէ, թե ես ինչ տարբերակով կմասնակցեմ Անթալիայի մրցաշարին. կներկայանա՞մ անհատական, թե թիմային պայքարում, դեռ հայտնի չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց երիտասարդ նետաձիգ Նունե Վասիլյանը՝ հավելելով, որ թեև ներկայում հայ նետաձիգների համար ենթակառուցվածքային պայմանները չի կարելի իդեալական համարել, սակայն տեխնիկական տեսան կյունից ամեն ինչ լավ է և հնարավոր է նորմալ պատրաստվել:
Նետաձգության ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը հույս ունի, որ հունիսին հայ նետաձիգներն ամեն ինչ կանեն իրենց ուժերի ներածին չափով Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար. «Մենք գիտենք, որ Սոֆիայում գրանցված արդյունքի կրկնությունն անգամ, այսինքն՝ թիմային հաշվարկում 3-րդ տեղը, բավարար է Օլիմպիական ուղեգրի համար: Այնպես որ հույսեր իսկապես կան»:
Հուսանք՝ Սոֆիայի Գրան պրի մրցաշարից հետո Հայաստան վերադարձած նետաձիգները պատշաճ կպատրաստվեն հունիսի 12-ից մեկնարկող Օլիմպիական խաղերի վարկանշային մրցաշարին և հենց Թուրքիայում կկարողանան նվաճել Օլիմպիական ուղեգրեր: