Սիրիայում վիճակը գնալով վատանում է: Այսօր արդեն Հայաստան եղած սիրիահայերն ամեն ինչ կորցրած են գալիս: Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման մասին» քննարկումների ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Շուրջ 500 սիրիահայ ուսանող այսօր սովորում է մեր բուհերում: Առողջապահական ծառայություններն՝ ամբողջությամբ պետպատվերի շրջանակներում են կազմակերպվում: Երեխաների ամառային հանգիստը կամզակերպվում է ամեն տարի: ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ միասին կազմակերպում ենք ռուսերենի և հայերենի դասընթացներ»,- ասաց Հակոբյանը:
Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հարց ուղղելով նախարարին, ասաց, որ նոյեմբերին, երբ ԱԺ պատվիրակությունը մեկնել էր Հարավային Ամերիկա, ականատես էին եղել մի իրավիճակի, որ այնտեղի հայ երեխաները բարևից բացի հայերեն բառ չգիտեին:
«Այս խնդիրը ինչպե՞ս ենք կարողանալու կարգավորել մեզ համար այդքան կարևոր համայնքներում»,- հարցրեց պատգամավորը:
«Մենք ևս կիսում ենք այդ կարծիքը: 8 մլն մարդուց գնալով պակասում է հայերեն խոսող մարդկանց թիվը: Գնալով պակասում է նաև հայկական դպրոցների աշակերտների թիվը: Այսօր ծնողները գտնում են, որ իրենց երեխային պետք է հնարավորինս արագ ինտեգրեն այն հասարակություն, որում իրենք ապրում են: Այդ պատճառով է, որ մենք ստեղծեցինք վիրտուալ քոլեջը: Մենք գտնում ենք նաև, որ հայ մնալու առաջին պայմանը հայրենիքը տեսնելն է: Այն երեխաներն, ովքեր մասնակցում են մեր ծրագրերին, հաջորդ տարի անպայման նորից գալիս են»,- պատասխանեց նախարարն ու հիշատակեց ԵՊՀ-ում իրականացվող ծրագիրը, որով ամառային դպրոցներ են ստեղծվում, որոնց միջոցով ևս մեր հայրենակիցներին այցելում են հայրենիք ու լեզու սովորում: