Քարոզարշավի շրջանակներում այնպիսի քաղաքական ուժ չեմ տեսնում, որը ճանաչում է իրականությունը և այդ իրականության վերափոխման ծրագիր է առաջարկում: Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում նշեց «Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը:
Նրա խոսքով՝ այն ծրագրերը, որոնք առաջարկում են կուսակցություններն ու դաշինքները, միանշանակ իրատեսական չեն. «Վերջին 25 տարվա մեր քաղաքական պատմությունը դա է ապացուցում, վերընտրվող իշխանությունները չեն կարողանում իրագործել այն ծրագիրը, որն իրենք են բերել, ընդդիմությունն էլ չի կարողանում իշխանափոխություն անել, որի մասին ամեն անգամ հայտարարում է… բոլորը ուտոպիայի մեջ են»:
Ինչ վերաբերում է քարոզարշավին հայ աստղերի մասնակցությամբ համերգներ և այլ միջոցառումներ իրականացնելուն և դրա ազդեցությանը հասարակության վրա, մեր զրուցակիցն ընդգծեց. «Այդ համերգները կարող են մարդկանց մոտ տրամադրություն փոխել, բայց դա անիմաստ զբաղմունք է, դրա արդյունքում այդ կուսակցությունը (ՀՀԿ) որ գա իշխանության, ավելի իմաստուն չի դառնալու, որ իր ծրագրերն իրականացնի. դա զբաղմունք է, մարդիկ էլ անում են»:
Արծրուն Պեպանյանը նաև հավելեց՝ միայն իշխանությունը չէ մեղավոր, որ առաջարկվող ծրագրերը չեն իրականանում. «Բարդ է դա իրականացնելը, միայն նրանց չեմ մեղադրում, որ զլանում են դա անել: Ընդհանրապես հայ քաղաքական միտքը չունի այդ իրականության լուծումը, դրա համար են ուտոպիայի մեջ: Այստեղ ես էլ իմ մեղքի բաժինն ունեմ, որ իմ կողմից չեմ ասում, որ տեսեք՝ այ սա է հարցի լուծումը: Մարդիկ էլ մտել են ինչ-որ խաղի մեջ և գնում են»: