տուն Լուրեր Հայ երիտասարդների ֆինանսական անկախության միջին ցուցանիշը 0.3 բալ է

Հայ երիտասարդների ֆինանսական անկախության միջին ցուցանիշը 0.3 բալ է

131
0

1237035_422427101200376_1144550776_n

«ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈւԻ)՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում:

Հետազոտությանը մասնակցել են 16-30 տարեկան 1578 երիտասարդ՝ 41% արական, 59% իգական սեռի ներկայացուցիչ, այդ թվում հաշմանդամություն ունեցող 370 երիտասարդ: Հարցվածներից 481-ը երևանաբնակ են, 1097-ը՝ մարզերից: Երիտասարդների շրջանում հարցումներից զատ՝ իրականացվել է 20 փորձագիտական հարցազրույց գիտական, վարչական, սոցիալական, քաղաքացիական և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտների փորձագետների հետ, 57 հարցազրույց առանցքային տեղեկատուների հետ՝ զբաղվածության պետական ծառայության կենտրոններ, բուհեր, երիտասարդության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ, ասոցիացիաներ և այլն, ինչպես նաև 101 խորքային հարցազրույց գործատուների հետ:

ԵՈւԻ-ի հարցման շրջանակում իրականացրել է նաև երիտասարդների անկախության համաթվի (ինդեքսի) չափում: Երիտասարդների անկախության ցուցանիշը ներառում է չորս հիմնական բաղադրիչներ` ֆինանսական, տնտեսական,  մտավոր  և  կենցաղային  անկախություն:

Ֆինանսական անկախությունը ցույց է տալիս, թե որքան է երիտասարդը կարողանում ֆինանսապես հոգալ ընտանիքում առաջին անհրաժեշտության ծախսերը։ Երիտասարդների ֆինանսական անկախությունը բավականին ցածր է․ հարցվածների շրջանում ֆինանսական անկախության միջին ցուցանիշը կազմել է 0,3բալ ([0-1] սանդղակի համար):

Տնտեսական ակտիվությունը ցույց է տալիս երիտասարդի զբաղվածության ոլորտում ներգրավվածությանը ուղղված գործունեության ինտենսիվությունը։ Տնտեսական ակտիվությունը ենթադրում է երիտասարդի կողմից տնտեսական հարաբերություններում ներգրավվելու նրա ջանքերը:  Այս ցուցանիշն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է հասկանալ երիտասարդի զբաղվածությունը և զբաղվածությամբ ներգրավվածությունը կամ զբաղված լինելուն ուղղված նրա ջանքերը: ՀՀ երիտասարդները դրսևորում են բավականին ցածր տնտեսական ակտիվություն՝ տնտեսական համաթվի միջին արժեքը կազմել է 0,29 բալ:

Կենցաղային անկախությունը ենթադրում է երիտասարդների կողմից սեփական սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների ընտրություն, գնում, նախապատրաստում: Միջինը հավասար է 0,47-ի: Կենցաղային անկախությունը ավելի համասեռ է՝ համեմատած ֆինանսական և տնտեսական բաղադրիչների հետ։

Մտավոր ինքնուրույնությունը մարդկային այն արժեքներն են, որոնք բնութագրում են անձի ուղղվածությունը գործել՝ հիմնվելով իր սեփական ուժերի վրա, ստեղծագործ նորարարական լուծումների վրա։

Մտավոր անկախությունը բոլոր անկախության բաղադրիչների հետ համեմատած ամենաբարձրն է․ միջին արժեքը կազմում է 0,57:

Մտավոր անկախությունը այդքան սերտորեն կապված չէ ֆինանսական և տնտեսական ցուցիչների հետ, ցուցիչների միջև կապը թույլ է: