Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացնելու համար ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը խոչընդոտ է, բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների մոտ կա կամք այդ խոչընդոտները հաղթահարելու: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը. «Իհարկե, հարաբերությունները զարգացնելը միակողմանի գործընթաց չէ, և Հայաստանն էլ իր կողմից պետք է ջանքեր գործադրի, որպեսզի այդ խոչընդոտները հաղթահարվեն»:
Մեհրաբյանի խոսքով՝ այն այցելությունները, հանդիպումները, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տարբեր մակարդակներում, նոր հնարավորություն են հայ-ամերիկյան հարաբերությունների նոր փուլ սկսելու համար. «Մենք կամք տեսնում ենք թե´ Միացյալ Նահանգների Կոնգրեսի խողովակներում, թե´ պետդեպարտամենտի, նաև տեսնում ենք, որ բարձրագույն ղեկավարության կողմից կան մոտեցումներ, իսկ մնացածը կապրենք` կտեսնենք»:
Իսկ հարաբերությունների զարգացման նոր փուլ սկսելու համար, ինչպես նշեց քաղաքագետը, միայն կամքն ու ցանկությունը բավարար չեն, պետք է նաև աշխատել այդ ուղղությամբ. «Գոնե կրկնակի հարկման այդ խոչընդոտը պետք է ուղղակի վերացնել, դա աբսուրդ է, որ կա ԱՄՆ-ի և Հայաստանի միջև: Նախևառաջ պետք է սկսել դրանից, և երկրորդ՝ ես ակնկալում եմ, որ նաև կարվեն, այսպես ասած, ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումներ: Եվ իհարկե, դրա համար էլ պետք է, որ հայկական կողմից ջանքեր գործադրվեն, որովհետև այս այլանդակ համակարգը, որը կա Հայաստանում, գլխավոր խոչընդոտն է»:
Քաղաքագետը նաև նկատեց, որ այն գործընթացները, որ հիմա տեղի են ունենում երկու երկրների միջև, բավական կարևոր են, անհրաժեշտ, բայց ոչ բավարար: Իսկ բավարարին հասնելու համար, Մեհրաբյանի համոզմամբ, ամեն նախապայման կա, այլ հարց է` մենք դրա համար ամեն բան անո՞ւմ ենք, թե՞ ոչ. «Կարծում եմ՝ սա այն հարցն է, որն առանց հասարակության ներգրավման, առանց հասարակության ճնշման հազիվ թե ստացվի, ի վերջո, ես նաև կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները, բացի օֆիցիալ հարթությունից, պետք է ներգրավեն Հայաստանի քաղաքական դաշտը, հասարակությանը: Այս իմաստով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար»:
Ռուբեն Մեհրաբյանը նաև ընդգծեց, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում նկատելի են նաև իշխանությունների քայլերը. «Այսօր աշխարհը փոխվում է, ի վերջո մենք տեսնում ենք Ռուսաստանում իրավիճակի դեգրադացիա, մենք տեսնում ենք ռուսական շուկայում տնտեսական դեգրադացիա, հասարակական:
Եվ իշխանությունների նկատմամբ մեր ամբողջ քննադատական վերաբերմունքով հանդերձ, այնուամենայնիվ, մեր իշխանությունները բազմիցս են ասել, որ Հայաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է քաղաքակրթական առումով, արժեքային առումով: Ասել ենք, որ եվրոպական արժեքները մենք կիսում ենք, մինչդեռ Ռուսաստանն ասում է, թե եվրոպական արժեքները կեղծ կատեգորիա են, եվրո-ատլանտյան պրոպագանդայի արդյունք, իսկ ռուսական եկեղեցին մարդու իրավունքները համարում է սատանայական ինչ-որ բան: Այսինքն` նույնիսկ այս հռետորաբանության մեջ ենք մենք այդ տարբերությունը տեսնում և պետք է հասկանանք, որ գնալով այս խզումը մեծանալու է»:
Իսկ Ռուսաստանից անկախանալն ամեն առումով է լավ. «Երեկ մենք տոնեցինք մեր անկախության օրը: Եվ տոնելու ժամանակ ուղղակի մոռացել էինք` ումի՞ց ենք անկախացել, ինչո՞ւ ենք անկախացել կամ անկախացել ենք, որ ի´նչ անենք: Եվ մենք տեսնում ենք, որ այն սուբյեկտը, որից անկախացանք, բոլոր ճակատներով հարձակում է գործում մեր և մեր անկախության վրա»:
Եվ այս համատեքստում հայ-ամերիկյան հարաբերություններում Ռուբեն Մեհրաբյանը դրական միտում է տեսնում և կարծում, որ արդյունքները երկար սպասել չեն տա:
Էմմա Հովսեփյան