տուն Հասարակություն Հատուկ մայրիկների համար. Քաղցր գերություն

Հատուկ մայրիկների համար. Քաղցր գերություն

161
0

Ծնվածդ օրվանից պայքարում ես քո ազատության եւ անկախության, քո հավասար իրավունքների համար։ Կյանքիդ առաջին քսան տարիներին փորձում ես ծնողներիդ ապացուցել, որ գիտակից մարդ ես, պատրաստ ես սովորել սեփական սխալների վրա, քայլ առ քայլ արժանանում ես նրանց վստահությանը: Ապա կողքիդ հայտնվում են տղամարդիկ: Սկսվում է էլ ավելի բարդ պայքար։ Շատերը փորձում են քեզ ներշնչել թերարժեքության զգացում, ոմանք կողքիդ չեն դիմանում, քանզի թույլ չես տալիս քեզ ճնշել, իրենց ձուլել: Ոմանց ինքդ ես քշում՝ չես հանդուրժում ազատությանդ սահմանափակումը։ Ի վերջո, գտնում ես արժանի մեկին, ով գնահատում է քո անձը, քո ցանկությունները, ով համաձայնում է քեզ ընդունել՝ քո բոլոր պահանջներով։ Որոշ ժամանակ անց՝ մոտավորապես 25-ին մոտ, մի լուսավոր առավոտ լույսաշխարհ ես բերում 3,5 կիլոգրամանոց մի խմորի գունդ եւ վերջ։ Կյանքն ավարտվում է։ Չէ, իրականում՝ կյանքը նոր է սկսվում, բայց իսպառ ավարտվում է ազատությունդ։ Եթե քեզ դիտարկում ես որպես լավ եւ պատասխանատու (դե, հայկական չափանիշներով)  մայր, ուրեմն՝ վերջ: Այլեւս ոչ մի օր դու չես տնօրինում քո ժամանակը։ Նույնիսկ, եթե խելքդ հասնում է ապահովագրվել տատիկ-դայակներով, միեւնույն է, գալու է պահը, երբ քո շաբաթներ առաջ ծրագրած կարեւոր հանդիպումից կամ միջոցառումից առաջ նա դավադրաբար հիվանդանալու է, եւ դու ստիպված ես լինելու մնալ տանը՝ իր կողքին, երբ հերթական ճամփորդությունից առաջ մտնելու է ճամպրուկիդ մեջ եւ լացելով սկզբում պահանջի, այնուհետեւ նաեւ խնդրի, որ իրեն էլ հետդ տանես, եւ եթե նույնիսկ ուժերդ հավաքես ու այնուամենայնիվ մեկնես, միեւնույն է, սիրտդ ու հոգիդ թողնելու ես տանը, մեղքի զգացումը թույլ  չի տալու վայելել ոչ մի ուրախ պահ: Թվում է, թե այդ ամենը կարճատեւ է լինելու, բայց տարիներն անցնում են, խնդիրները բարդանում, եւ դու հասկանում ես, որ ապրում ես քաղցր եւ գիտակցված գերության մեջ:

Մ.Մ.