տուն Լուրեր Հատուկ մայրիկների համար. ետ բերեք մեր հանգստությունը

Հատուկ մայրիկների համար. ետ բերեք մեր հանգստությունը

197
0

Տարիներ առաջ մի խելացի մարդ (պետք է խոստովանեմ, որ նաեւ շատ հարուստ մարդ) ինձ ասաց, որ իրենց ընտանիքում ընդունված չէ որեւէ բան վաճառելը, նույնիսկ այն գույքը կամ իրը, որն իրենց պետք չէ, նրանք, միեւնույն է, սկզբունքորեն երբեք չեն վաճառում: Այդ փուլում հերթական տան առուծախով էի զբաղված եւ նման հայտարարությունը ինձ թվաց մեծահարուստի ավելորդ շռայլություն: Սակայն անցան տարիներ, եւ միայն հիմա, երբ իմ ֆինանսական վիճակը եւս փոքր-ինչ կարգավորվել է, ես հասկանում եմ, թե ինչ ճիշտ էր այդ մարդը:

Պետք է միշտ ձգտել ստեղծել, արարել նորը, սակայն երբեք չհրաժարվել հնից, քանզի  այդ հնի մեջ մենք թողնում ենք նաեւ մեր մի փոքր մասնիկը: Կյանքս այնպես է դասավորվել, որ 30-ը չբոլորած՝ ես արդեն փոխել եմ վեց-յոթ բնակարան եւ երկու մեքենա: Ամեն անգամ գույք փոխելու նախաձեռնողը ինքս եմ եղել՝ սկսած առուծախից, վերջացրած նոր բնակարանի նորոգմամբ եւ կահավորմամբ։ Ամեն ինչով ինքնուրույն եմ զբաղվել:

Մի շրջան մեր տան սիրելի կատակը դարձել էր այս անեկդոտը. «Մի օր Վարդանիկը տխուր է լինում։ Երբ ընկերը հարցնում է, թե ինչ է պատահել, նա բողոքում է, որ ոչ մի կերպ չի կարողանում վաճառել իրենց բնակարանը: Ընկերը կարեկցանք է հայտնում, թե լավ, երեւի ուղղակի գնորդ չկա, ինչին էլ Վարդանիկը պատասխանում է՝ չէ, ուղղակի տանեցիներն ամբողջ օրը տանն են…»։ Ես ամեն ինչ, այն էլ շատ լավ գնով վաճառելու մեծ տաղանդ ունեմ: Միշտ ձգտել եմ իմ եւ ընտանիքիս կյանքի որակը, պայմաններն ավելի բարելավել եւ հասել եմ իմ նպատակին: Բայց որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ եմ կարոտում իմ նախկին տները, այնտեղ ապրած տարիները:

Մինչեւ հիմա երազում գրեթե միշտ տեսնում եմ իմ ամենաառաջին, հայրական տունը: Քաջ գիտակցում եմ, որ այսօր այլեւս անհնար կլիներ այդ տանը ապրել, բայց շատ կուզեի, որ այն դեռ լիներ եւ լիներ նույնը՝ իր հետսովետական հարդարման հմայքով, «ստենկա» կահույքով, բամբասկոտ, բայց սիրելի հարեւաններով: Կուզեի հնարավորություն ունենալ գոնե ժամանակ առ ժամանակ առանձնանալ այդ տանը, այն ցույց տալ իմ դստերը եւ պատմել իմ մանկության մասին: Շատ կուզեի նա հասկանար, որ երջանկությունը 20-րդ LOL խաղալիքի մեջ չէ, այլ այն միակ, բազմաչարչար տիկնիկի, դինոզավրերի մասին քրքրված, բայց ամենասիրելի գրքի եւ բակի, բակային խաղերի ու իսկական ընկերների:

Այսօր մենք ապրում ենք Երեւանի ամենակենտրոնում՝ հանրահայտ շատրվանների այգու հարեւանությամբ, թվում է, թե երեխայի համար ավելի լավ լինել չի կարող, բայց՝ ոչ: Եթե նախկինում մենք 5 տարեկանից բակում միայնակ ու ազատ վայելում էինք մեր մանկությունը, ապա այժմ, նույնիսկ 10 տարեկան երեխային միայնակ դուրս չենք թողնում: Այժմ մեր բակը գերծանրաբեռնված է մեքենաներով՝ կարծես մի մեծ ավտոկայանատեղի լինի: Այգին, իհարկե հաճելի է, բայց ցավոք անվտանգ չէ: Մոտակայքում տեղակայված են բազմաթիվ ինքնաշեն արհեստական արգելանքներ (лежачий полицейский), որը մեկ այլ գլխացավանք է վարորդների համար, սակայն անցումներ չկան, այգին լի է մարդկանցով եւ առեւտրականներով: Ինձ հատկապես անհանգստացնում են տարածքում վաճառվող կասկածելի ծագում ունեցող խաղալիքներն ու քաղցրավենիքը:

Այսօր, քաղաքի, նույնիսկ ամենաբարեկարգ անկյուններում այլեւս չկա նախկին հանգստությունը: Չգիտեմ, ո՞ւմ խնդրենք, որ ետ բերեն մեր հանգստությունը:

Մ.Մ.