Ամուսինս չի սիրում ինձ շպարված: Իհարկե, հոգուս խորքում ինձ դա հաճելի է, չէ որ հեշտ է սիրել զուգված-զարդարված, արհեստականորեն գեղեցկացրած աղջկա, եւ շատ ավելի դժվար է տղամարդկանց դուր գալ բնական գեղեցկությամբ՝ գուցե ոչ այնքան հարթ մաշկի գույնով, կամ ոչ այնքան երկար թարթիչներով եւ այլն:
Իմ արտաքինի հետ կապված փորձարկումներին բացասական վերաբերմունք ունեն մեկ էլ ծնողներս: Ասենք՝ առաջին անգամ, երբ 17 տարեկանում շիկահեր դարձա եւ գնացի հայրիկիս աշխատավայր, վերջինս դուռը բացեց եւ ասաց. Մինչեւ մազերիդ գույնը հետ չբերես, աչքիս չերեւաս: Եվ այդպես էլ եղավ, հետս չխոսեց, մինչեւ հետ չբերեցի բնական վարսերս: Երեխատեր, շուտով 30 տարեկան կին եմ, բայց մինչ օրս մայրիկս ամեն անգամ ջղայնանում է կարմիր շրթներկիս եւ ընդգծված աչքերիս համար:
Այժմ, կարեւոր միջոցառումներից առաջ, ամուսինս ինձ միշտ հիշեցնում է, որ դեմքս չգաջեմ, ասել տատս՝ չճպլպորվեմ, որ ես առանց այդ էլ գեղեցիկ եմ: Նա չի սիրում բոլոր դիմահարդարներին եւ համարում է, որ դա ավելորդ մասնագիտություն է: Բայց ինչպե՞ս բացատրել տղամարդուն դիմահարդարման ուժը: Առհասարակ գեղեցիկ, խնամված եւ հարդարված արտաքինի զորությունը: Տղամարդն, ով ընդամենը ցնցուղ է ընդունում, լավագույն դեպքում սափրվում եւ մազերը սանրում, երբեք չի հասկանա մեկ ժամ վարսահարդարի, մեկ ժամ դիմահարդարի, երկու ժամ մատնահարդարի, իսկ մնացած կյանքն էլ խանութներում՝ գեղեցիկ հագուստի փնտրտուքների մեջ անցկացնող կանանց: Ընդ որում, ես բացառիկ դեպքերից եմ, երբ կինը գեղեցկության զոհ գնալու նպատակով հազվադեպ է բարձրակրունկ կոշիկ եւ անհարմար հագուստ կրում, գրեթե միշտ նախընտրում եմ հարմարավետությունը:
Այնուամենայնիվ, վերջին շրջանում, աշխատանքի բերումով եւ ընտանեկան կարգավիճակից ելնելով փոքր-ինչ փոխել եմ ոճս եւ սեփական մաշկիս վրա զգացել հարդարված արտաքինի զորությունը:
Երբեք տղամարդկանց ուշադրության պակաս չեմ զգացել, բայց ոչ մի բանի հետ չի համեմատվի այն զգացողությունը, երբ զարդարված գնում ես, եւ քեզ նկատողները, կարծես չհավատալով իրենց աչքերին՝ հիացած դեմքերով, կրկին անգամ ետ են շրջվում կամ հայացքով քեզ ճանապարհում: Ես հաճախ եմ նկատում, թե ինչպես է մարդկանց վերաբերմունքը փոխվում իմ հանդեպ, երբ ես այդչափ զարդարված եմ, մարդիկ նույնիսկ անգիտակցաբար դիմացս դռներ են բացում, ոտքի են կանգնում, խոսքի տեմբրն են փոխում: Բարեբախտաբար, այսօր տհաճ ռեպլիկների եւ փողոցում աղջիկ կպցնելու դարն անցել է՝ փոխարինվելով գրագետ հաճոյախոսություններով: Կարելի է հանգիստ սրտով վայելել ավելորդ ուշադրությունը:
Մ.Մ.