տուն Հասարակություն Հատուկ մայրիկների համար. Ամառն էլ նախկինը չէ

Հատուկ մայրիկների համար. Ամառն էլ նախկինը չէ

246
0

Տարիներ առաջ տատիկս ապրում էր շամպայն գինիների գործարանի հարեւանությամբ։ Անտեղյակների համար ասեմ, որ այդ թաղամասի եւ Կենտրոնի կամ, ասենք՝ Էրեբունի զանգվածի միջեւ, որտեղ ես այդ ժամանակ բնակվում էի, ամռանը մոտ 8-10 աստիճան ջերմաստիճանի տարբերություն է լինում: Շամպայնում միշտ զով էր, եթե չասեմ ցուրտ: Մենք ողջ ամառը քնում էինք ձմեռային, բրդյա, հաստ վերմակների տակ: Տանը կար բաց պատշգամբ, որտեղ գտնվում էր բոլորիս սիրելի թախտը, եւ հենց այդ թախտին քնելու համար թեժ պայքար էր գնում:

Հիմա, երբ ես մտածում եմ ամռան մասին, մտքումս միշտ այդ տունն է. քույրս եւ մորաքրոջս երեխաները, առավոտ շուտ շուկայից ծանրոցներով վերադարձած (այդ տարիներին ոչ ոք չէր վախենում երեխաներին տանը մենակ թողնելուց) եւ մեզ միրգ ու բանջարեղեն հրամցնող, եփող-թափող տատիկս, ամառային հով օրը, եւ ես՝ գիրքը ձեռքիս, այդ թախտին պառկած: Ինչպես գուշակեցիք, ինտերնետ այդ տանը դեռ չկար, մեր մեջ ասած, նույնիսկ հեռուստացույցն էր էն հին՝ կոճակներով, առանց վահանակի հեռուստացույցներից: Մենք ունեինք մի դաշնամուր, տատիկի գրադարանը եւ միմյանց, բայց մեզ լավ էր, նույնիսկ՝ շատ լավ:

Ինձ համար ամառը նաեւ ընկերուհիներիս հետ անցկացրած խենթ օրերն էին։ Քանի որ գրեթե բոլորն ապրում էին եւ են արտերկրում, ամռան այդ 2-3 ամիսը տարվա մեջ իմ ամենասիրած շրջանն էր, երբ բոլորը վերադառնում էին:

Հիմա այդ մասին մտածում եմ, եւ աչքիս առաջ պատկերներ են գալիս, թե ինչպես էինք առավոտ կանուխ զարթնում, մարդ ա մի «Cosmopolitan» վերցնում ու վազում լողավազաններ. բոլորս միշտ իդեալական զագար ունեինք, որովհետեւ ունեինք ժամանակ իդելական զագար ստանալու: Այն ժամանակ Երեւանում ժամանցի վայրերն այսքան շատ չէին, սակայն քաղաքում ավելի ուրախ եւ անհոգ մթնոլորտ էր, գնալու տեղ, անելու բան միշտ կար: Անհամեմատ ավելի շատ էինք մեկնում նաեւ քաղաքից դուրս, կրկին, որովհետեւ ունեինք դրա ժամանակը:

Տարիներն անցան, բոլորս աշխատանքի անցանք, ընտանիք կազմեցինք, հիմա ընկերուհիներս տարվա մեջ, լավագույն դեպքում, մեկ շաբաթով են գալիս: Իսկ ժամանակը թռչում է, սլանում: Ես անվերջ զգացողություն ունեմ, որ այն ինչ-որ կերպ արագացել է: Չէ որ նախկինում ամառը մի ողջ կյանք էր, իսկ այսօր արդեն օգոստոսի 7-ն է, եւ ես, բացի տաք եղանակից, ուրիշ ոչ մի կերպ չեմ զգացել ամռան շունչը, կարծես մայիսի կեսին դպրոցում նստած աշակերտ լինեմ, ով օրերն է հաշվում, թե երբ են սկսվելու ամառային արձակուրդները, բայց նրանք այդպես էլ չեն սկսվում:

Չեմ ստի, ասելով, թե ոչ մի օր չեմ հանգստացել, չէ: Նույնիսկ երկու անգամ հասցրել եմ արտերկիր մեկնել, բայց անկեղծ եմ ասում, չեմ հանգստացել: Կեղծ պատկերացում է, թե որեւէ տեղ մեկնելով մենք հանգստանում ենք: Վերջին տարիներին, վերը հիշատակված տատիկի հետ մի քանի անգամ ծով եմ մեկնել, ամեն ինչ արել եմ, որ նա լավ հյուրանոցների եւ բարձրակարգ հանգստի համը զգա, բայց ամեն անգամ տեղ հասնելուց նրանից լսել եմ. «մեր ընտիր Ենոքավանը, Դիլիջանը, Ստեփանավանը… թողած եկել, ընկել ենք էս անապատները»: Գուցե մեծանում եմ, բայց ես էլ եմ սկսել մտածել, միգուցե հենց այդ հանգիստն է ինձ պետք, պետք է վերարժեւորել մեր ունեցածը…

Չնայած այսօր էլ, թվում է, թե գնում ենք լողավազան, լինում ենք նույն, ինչպես նաեւ հարյուրավոր նորաբաց սրճարաններում եւ ակումբներում, մեկնում ենք քաղաքից դուրս, բայց այլեւս չենք վայելում այդ ամենը: Քանի որ միշտ ժամանակ չունենք: Չէ որ շաբաթական մեկ անգամ, գործից երկու ժամ թռնել, լողավազան գնալով, այլեւս երբեք այն իդելական արեւայրուքին չենք հասնում, սրճարաններում լինում ենք ընդմիջման ժամերին, միայն սնվելու նպատակով, իսկ ակումբներում այնքան հոգնած ենք լինում, որ սահմանափակվում ենք 1-2 կոկտեյլով եւ արագ վերադառնում տուն՝ քնելու, հաջորդ օրը կրկին ժամանակին արթնանալու համար: Քաղաքից դուրս գնալուց արդեն մեկ անգամ ավելի ենք մտածում, գցում-բռնում, չէ որ մի քանի ժամը կամ մեկ գիշերը նորմալ հյուրանոցում մեզ վրա կլորիկ գումար է նստելու, եւ պետք է հասկանալ, արդյոք այդ ժամանցը տեղավորվում է մեր ամսական բյուջեում, չէ որ վճարողն արդեն մենք ենք:

Հիմա, ետ նայելով հասկանում եմ, թե ինչ հեշտ էր ծախսել ծնողների տված գումարները, երբեք փողի պակաս չէր լինում, թե ինչպես էին նրանք հասցնում այդպես էլ չբացահայտված գաղտնիք կմնա:

Մի լավ միտք եմ լսել, ասում են՝ սարսափելին այն չէ, որ մենք մեծանում ենք, այլ այն, որ մեծերն արդեն մենք ենք: Օրեցօր ես այն ավելի լավ եմ հասկանում:

Մ. Մ.