ՀՀ կառավարությունը հաստատեց Զբաղվածության կարգավորման, Երեխայի իրավունքների պաշտպանության, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2017թ. պետական ծրագրերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ծրագրում ներառված են 13 զբաղվածության պետական կարգավորման ակտիվ ծրագրեր, որոնք իրենց բնույթով բաժանվում են՝ կայուն զբաղվածություն, ինքնազբաղվածություն եւ ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերի:
«Զբաղվածության ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն եւ արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը եւ ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում»,- ասաց Ասատրյանը:
Երեխայի իրավունքների պաշտպանության 2017թ. տարեկան ծրագրի նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների շրջանակների ընդլայնումը, երեխաների խնամքի եւ պաշտպանության հաստատությունների բարելավումը, ինչպես նաեւ երեխաների խնամքի, ֆիզիկական, մտավոր ու հոգեւոր զարգացման, նրանց դաստիարակության եւ կրթական, մշակութային արժեքներին հաղորդակցվելու համար նպաստավոր միջավայրի ստեղծումն ու ինտեգրումը հասարակություն:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2017թ. տարեկան ծրագիրը ներառում է տվյալ տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանն ու նրանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ու հավասար հնարավորությունների ստեղծմանը, նրանց վերականգնմանն ուղղված միջոցառումները, նախատեսված աշխատանքների ծավալները, իրականացման ժամանակացույցը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները:
Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2017թ. համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 11 հիմնական ուղղություններով: