Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գործադիրի ուշադրությանը ներկայացրեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգ սահմանելու դրույթները:
Նախարարն ասաց, որ ներկայում օրենքի հիման վրա գործում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակված և ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մուտք գործելու կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N 284 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը: 2001թ. մինչ օրս ոչ մի օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ չի դիմել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով: 1997թ. փետրվարի 3-ի «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-103 օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
2011թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. հունվարի 25-ի N 49-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 896-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 49-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկի 7-րդ՝ «Մարդու իմունային անբավարարության վիրուս» կետը: Ըստ այդմ, վերանում է բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության կարգի անհրաժեշտությունը:
Նախագծում ընդգծվում է նաև, որ ակնկալվում է բացառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց նկատմամբ խտրականությունը և պաշտպանել նրանց իրավունքները՝ ապահովելով ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի պահանջը: