տուն Լուրեր Հաստատվեց Հարկային նոր օրենսգիրքը

Հաստատվեց Հարկային նոր օրենսգիրքը

184
0

karavarutyun1

Կառավարությունն այսօր հաստատեց Հարկային նոր օրենսգրքի նախագիծը:

Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ երկար ժամանակ աշխատել են օրենսգրքի տեքստի վրա:

«Անկախությունից հետո հարկային օրենքներն ընդունվեցին 1993-1994 թվականին, դրանից հետո 1997-98 դրվեցին հարկային օրենսդրության հիմքերը, դրանից հետո անընդհատ մինչև այսօր փոփոխություններ են լինում, որոշակի օրենքներում կան անհամապատասխանություններ, որոնք տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: Հարկային օրենսգրքի կարևոր խնդիրներից է, որ օրենքները լինեն միանշանակ մեկնաբանելի ինչպես հարկային մարմինների, այնպես էլ` հարկատուների համար: Հարկային օրենքները վերլուծելով` հասկանում ենք, որ դրանք լուծում են կարճաժամկետ խնդիրներ, դրանք պետք է ունենան երկարաժամկետ զարգացմանը նպաստելու ունակություններ: Հարկային օրենսդրության մեջ պետք է հստակ ամրագրվի, թե որն է այս օրենսդրության հիմնական թիրախը` եկամուտների ապահովումը, տնտեսական զարգացման ապահովումը: Օրենսգիրք սովորաբար ընդունում են այն երկրները, որտեղ առավել կայացած է կամ կայուն է, կամ որոշակի կանխատեսելի է հարկային դաշտը: Գնահատվել է, որ մեր հարկային դաշտը համապատասխանում է այդ չափանիշներին: Հարկային օրենսդրության նախագծի հիմքում աշխատակիցները հիմքում դրել են սկզբունքները, երբ բարեփոխումներն իրականացվելու են 3-5 տարվա ընթացքում, որ հարկային համակարգում սահունություն ու կայունություն ապահովվի: Կարևորվելու է երկարաժամկետ ու կարճաժամկետ կայունությունը ու փոփոխությունը չպետք է խոչընդոտի բյուջեի աճին: Կարևորվել է երկարաժամկետ աճը` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա: Կարևոր սկզբունքներից է, որ օրենսգիրքն այս տեսքով պետք է նպաստի երկրի մրցունակության բարձրացմանն ու ներդրումների աճին:

Նա հավելեց նաև, որ կատարվելու է արտոնությունների կրճատում, որտեղ դրանք փոխարինվելու են սուբսիդավորմամբ, հարկային դաշտից խրախուսումը տեղափոխվելու է բյուջեի ծախսային քաղաքականություն, խրախուսումներն իրականցվելու են սուբսիդիաների միջոցով: Հարկային օրենսգիրքն ունենալու է չորս մաս:

Նախատեսվում է, որ նախագիծը ուժի մեջ կմտնի 2018-ի հունվարի մեկից:

Վարչապետն, արձագանքելով` ասաց.

«Բազմաթիվ ամիսների տքնաջան աշխատանքի արդյունք է: Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է իր տեսլականը, հարկերի հաշվառման պրակտիկան, միասնականացրել բազմաթիվ սկզբունքներ: Պետք է հնարավորինս կրճատել արտոնությունները ու առավել հասցեական սուբսիդավորում իրականացնել պետբյուջեից: Այս մոտեցումը ողջունելի է, եթե հնարավոր է հասցեական սուբսիդավորում իրականցնել: Յուրաքանչյուր տնտեսվարող պետք է տեղեկացված լինի սրա մասին, ներկայացնի իր մտահոգությունենրը և ստանա պատասխաններ: Հանձնարարում եմ էկոնոմիկայի, էներգետիկայի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության կրթության ու գիտության նախարարներին ներկայացնել ժամանակացույց ու ակտիվորեն քննարկել իրենց ոլորտի շրջանակներում: Կարևոր փաստաթուղթ է տնտեսության մեր ապագա զարգացման տեսանկյունից: