տուն Լուրեր Հաստատվեց «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագիրը

Հաստատվեց «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագիրը

151
0

10731_large

Գործադիրի այսօրվա նիստին հավանության արժանացավ «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ներդրումային ծրագիրը:

Գյումրիում, Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում, ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և երկու միջազգային կազմակերպությունների՝ ֆուտբոլի համաշխարհային միության՝ ՖԻՖԱ-ի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային ծրագիր է:

Ներդրումային այս ծրագիրը ներառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակներում է կառուցվել նաև Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնը՝ Երևանի ֆուտբոլի ակադեմիան, որը Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի տարիքային ազգային հավաքական թիմերի, ակումբային ֆուտբոլի, մանկապատանեկան ֆուտբոլի համար ստեղծել է զարգացման լուրջ նախադրյալներ:

Ֆուտբոլային ակադեմիաների կառուցումը պայմանավորված է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ, մանկապատանեկան ֆուտբոլում ժամանակակից մարզումային պայմանների ներդրմամբ, առողջ սերնդի ձևավորմամբ:

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան ներառում է 8 հեկտար հողատարածք, որը Գյումրու քաղաքապետի 11.05.2009թ. թիվ 908-Ա որոշմամբ հատկացվել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային:

Ներդրումային ծրագրում ներառված նախագծի համաձայն Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի գլխավոր մասնաշենքը բաղկացած է  1’200 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ,  լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս և այլն:

Հիմնական միջոցների մասով ներդրումային ծրագիրը գլխավոր մասնաշենքի  շինարարութունում  502876718,04  ՀՀ դրամ արժեքով է:

Ծրագրում ներառված նախագծում առկա են բնական խոտածածկով 6 խաղադաշտ՝ յուրաքանչյուրը 35786148,00 ՀՀ դրամ արժեքով, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված չափորոշիչներին:

Խաղադաշտերը որպես ենթակառուցվածք ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական միջոցներով ապահովելու համար ներդրումային ծրագիրը ժամանակակից ոռոգման ավտոմատածված համակարգերի և այդ համակարգերը սպասարկող ջրամբարի մասով 125222000,00   ՀՀ դրամ արժեքով է:

Համալիրի ենթակառուցվածքում է նաև արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտը՝ 57130739,32 ՀՀ դրամ արժեքով:

Արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտը՝ 142420903,97 ՀՀ դրամ արժեքով, լիովին համապատասխանում է ժամանակակից սերնդի արհեստական խոտածածկերով խաղադաշտերի չափորոշիչներին, որոնք հատկապես մանկապատանեկան ֆուտբոլում ներգրավված երեխաների համար ապահովում են առողջությանը չվնասող մարզումային պայմաններ:

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի գոյությունը Մուշ թաղամասում, ակադեմիայի հետագա շահագործումը նաև տարածաշրջանային ներգրավվածության առումով  ենթադրում է ակադեմիայի տարածքի բարեկարգում՝ տարածքի ասֆալտապատում և անցուղիների շինարարություն 36895000,00 ՀՀ դրամ արժեքով, տարածքի պարսպապատում` 78064000,00 ՀՀ դրամ արժեքով:

Նկատի առնելով Գյումրիի բնակլիմայական պայմանները և թե վարչական մասնաշենքի և թե հատկապես խաղադաշտերի համար բնականոն կենսագործունեության համար պայմանների ապահովումը, անհրաժեշտություն է ակադեմիայի կաթսայատունը` 5558000,00 ՀՀ դրամ արժեքով:

Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 1000 պատանիներ և աղջիկներ:

Ակադեմիայում տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որի արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն  իրավունք կստանան աշխատելու հայկական ֆուտբոլում:

Մշտական զբաղված մասնագետների թիվը Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում կկազմի շուրջ 50 մարդ:

Ներդրումային ծրագրի շինարարական փուլի իրականացման ընթացքում աշխատանքով ապահովված մասնագետները շուրջ 150 հոգի հաշվարկի տիրույթում են:

Անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով ներդրումային ծրագիրը 660007531,29 ՀՀ դրամ արժեքով է:

Ընդհանուր ներդրումային ծրագիրը Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի մասով  1162884249,33 ՀՀ դրամ է:

Մարզահամալիրի բնականոն գործընթացը հետագայում ապահովելու համար նախատեսվում է  իրականացնել 36067422 ՀՀ դրամի չափով  շարժական գույքի ձեռք բերում:

Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 1198951671 /մեկ միլիարդ հարյուր իննսունութ միլիոն ինը հարյուր հիսունմեկ հազար վեց հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ արժեքով: