ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 1-ին կայցելի թիվ 45 հիմնական դպրոց:
«Իմ ճակատագիրը դասավորվեց այնպես, որ ես երկու դպրոցում եմ սովորել. սկզբից` ռուսական դպրոցում, հետո, հայրենասիրական ալիքի վրա, ծնողներս որոշեցին, որ ինձ պետք է տանեն կողքի հայկական դպրոցը: Եվ ես տեղափոխվեցի թիվ 45 միջնակարգ դպրոց, որը դժվարությամբ ավարտեցի, քանզի շատ դժվար էր ռուսերենից անցնել հայերենի, բայց ավարտեցի ոսկե մեդալով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
Խոսելով երազանքների մասին, որ ուներ առաջին դասարան գնալիս, Աշոտյանն ասաց, որ դրանք բազմաթիվ են եղել: Մասնագիտության ընտրության հարցում ևս միանգամից չի կողմնորոշվել:
«Այնքան բան եմ փոխել: Ես չեմ հիշում, թե ինչ էի երազում դառնալ, բայց ծնողներս պատմում են, որ կյանքի տարբեր փուլերում երազում էի տիեզերագնաց, զինվորական, հրշեջ ու շատ այլ մասնագիտությունների մասին»,- ասաց նա և ընդգծեց՝ նախարար դառնալու մասին հաստատ չէր երազում: