Այս տարի դեկտեմբերի 22-ին Գավառի դատարանի որոշմամբˋ համաներմամբ, ազատ արձակվեց ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի նախկին ամուսինըˋ Սարգիս Հակոբյանը, ով Գավառի հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին է:
Իննը տարվա ամուսնական կյանքի ընթացքում Հասմիկ Խաչատրյանը ամուսնու կողմից մշտապես ենթարկվել է բռնությունների և խոշտանգումների: Եվ ընդամենը մի քանի օր առաջ Սարգիս Հակոբյանը Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու համար ազատազրկման դատապարտվեց Քրեական օրենսգրքի 119 –րդ հոդվածի 1-ին մասով, սակայն նույն օրը համաներմամբ ազատվեց այդ պատժից:
Հասմիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Նրա պահանջել էր առողջական վնասի փոխհատուցում և բարոյական փոխհատուցում, սակայն դատարանը մերժեց այն:
«Այս վճիռը ցույց տվեց, թե ինչ իրավիճակում է այսօր մեր երկրի դատական համակարգը: Սա շատ հստակ պատգամ էր համակարգի կողմից, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում այս երկրում: Ընտանեկան բռնությունը հասարակության նկատմամբ է նաև բռնություն, դա միայն մեկ կնոջ խնդիր չէ: Մենք այսպիսի դեպքեր էլի ենք ունեցել, երբ ընտանեկան բռնության դեպքում արդար վճռի չեն հասել: Միակ դեպքը, որ հասավ արդար դատավճռի, դա Զարուհի Պետրոսյանի գործն էր, բայց դա էլ մահվան ելք ունեցավ: Այսինքն, եթե դու ընտանեկան բռնության ես ենթարկվում, միակ ձևը, որ կարող ես արդարության հասնել, դա այն է, եթե դու մահացել ես»,-այս մասին «Մեդիա կենտրոնում» անցկացված ասուլիսին ասաց «Կանանց ռեսուրս կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանը:
Տուժող Հասմիկ Խաչատրյանը ասաց, որ նման դատավճիռը իր համար շատ ցավալի էր:
«Ես բազմիցս տեսել եմ վատ արարքներ, հանցագործությունները, որ արել է նախկին ամուսինս, բայց միշտ գումարով, իր մոր ծանոթներով, կամ մի զանգով հարցերը լուծվել են: Բազմիցս շեշտում էր, որ եթե ես քեզ սպանեմ էլ, միևնույն է պաատսխանավտության չեմ ենթարկվի: Նա ասում էր, որ ես չեմ կարող իմ իրավունքները պաշտպանեմ: Ես հիմա կարող եմ ասել, որ չեմ նահանջելու, չեմ հուսախաբվելու անգամ այս վճռից հետո, շարունակելու եմ իրավական դաշտում պայքարել և ավելի բարձր ատյանների դիմել: Ինքը իր կատարած հանցագործություններիդ դիմաց պետք է փոխհատուցի»,-ասաց Հասմիկ Խաչատրյանը:
Ասուլիսին ներկա «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանն էլ նշեց, որ վճիռը անարդար էր և ապացուցում է կանանց նկատմամբ բռնության համընդհանուր հանդուրժողականությունը:
«Մեր երկրում համապատասխան մասնագետներ չկան: Ոստիկանությունից սկսած մինչև դատարան, որևէ մի կառույց չի մոտեցել այս դեպքինˋ որպես ընտանեկան բռնության դեպք, և հաշվի չեն առել ընտանեկան բռնության առաձնահատկությունները»,-նշեց Հասմիկ Գևորգյանը:
«Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանն էլ հավելեց, որ դատավճիռը կայացվել է անօրինական հիմքերով:
«Դատարանը կիրառել է համաներում Սարգիս Հակոբյանի նկատմամբ, երբ առաջ է եղել քաղաքացիական հայցˋբարոյական և նյութական վնասների փոխհատուցման պահանջով: Նման պայմաններում, եթե առկա է քաղաքացիական այց, ապա դատարանը իրավունք չունի մերժելու քաղաքացիական հայցը և կրառելու համաներում: Բոլորս այն համոզմունքին ենք, որ սա ուղղորդված և նախապես որոշված, գրված դատավաճիռ էր»,-ասաց Նոնա Գալստյանը: