Երեւանում նախորդ ամիս տեղադրվեց Գարեգին Նժդեհի եւ Համազասպ Բաբաջանյանի արձանները: Մարշալ Բաբաջանյանի եւ Գարեգին Նժդեհի արձանների տեղադրման փաստը ոգեւորություն առաջացրեց իշխանության շրջանում, սակայն արժանացավ նաեւ մասնագետների եւ հասարակության քննադատությանը: Բազմաթիվ ճարտարապետներ եւ արվեստագետներ հայտարարեցին, որ ինչպես Նժդեհը, այնպես էլ Համազասպ Բաբաջանյանը մեղմ ասած հիշյալ կոթողներում իրենց նման չեն:
Այս քննադատություններին փորձեց բացատրություն տալ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ով մինչ նախարարի պաշտոնին նշանակվելը, հիշեցնենք, եղել է Երեւանի գլխավոր ճարտարապետը: Անդրադառնալով Գարեգին Նժդեհի արձանին, Սարգսյանն ասել էր թե Նժդեհը գուցե նման է ստացվելՊետրոս առաջինին, որովհետեւ քանդակագործը սովորել է Սանկտ Պետերբուրգում: Երեկ, սակայն Գարեգին Նժդեհի արձանը կերտողը հայտարարեց, որ Նարեկ Սարգսյանը հումոր է արել:
Ինչ վերաբերում է Համազասպ Բաբաջանյանի արձանին, ապա քաղաքաշինության նախարարը չգիտեր, թե ով է հեղինակը, բայց իրեն զարմացրել էր, որ Բաբաջանյանը աթոռին նստած է պատկերված:
Արդյո՞ք Երեւանի քաղաքապետարանը չէր վերահսկել այս ամենը, եւ հաշվի առնվե՞լ էին մասնագետների տեսակետները արձանների վերջնական տեսքից հետո: Այս ամենի պատասխանը ստանալու ակնկալիքով Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն: Ինչպես հայտնի է՝ ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ քաղաքապետարանը պարտավոր էր հնգօրյա ժամկետում պատասխանել գրավոր հարցմանը: Araratnews.am-ը գրավոր հարցում Երեւանի քաղաքապետարանին ուղարկել էր մայիսի 26-ին, սակայն առ այսօր պատասխան չենք ստացել: