Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը հոկտեմբերի 8-11-ը կայցելի Հայաստան՝ ներկայացնելու ֆրանսիական կառավարությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանին:
Ինչպես հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, իր այցի ընթացքում պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարան: Նա կհանդիպի նաև Հայաստանում ֆրանսիական համայնքին, մասնավորապես, գործարարներին:
Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ դեսպանության օժանդակությամբ կկազմակերպվեն երկու մշակութային միջոցառումներ: Երկու ֆրանկոֆոն խմբեր՝ ԲԻԿ (BIC) ռեփ-ֆոլկ խումբը Հաիթիից և «Պոկեմոն Կրյու» (Pockemon Crew ) հիպ-հոպ խումբը Ֆրանսիայից հանդես կգան բացօթյա անվճար համերգով ուրբաթ՝ հոկտեմբերի 9-ին` ժամը 18:00-ին, «Կասկադ» համալիրում և կիրակի՝ հոկտեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Տիկնիկային թատրոնում: