տուն Լուրեր Հարկային, թե՞ պատժիչ օրենսգիրք. ՓՄՁ ներկայացուցիչ

Հարկային, թե՞ պատժիչ օրենսգիրք. ՓՄՁ ներկայացուցիչ

122
0

samson

Հարկային նոր օրենսգրքի շուրջ քննարկումները կառավարությունում շարունակվում են: Ոլորտի մասնագետները, ՓՄՁ ներկայացուցիչներն էլ շարունակում են բարձրաձայնել՝ նոր օրենսգիրքը մահակ է լինելու փոքր ու միջին ձեռնարկատերերի գլխին:

Araratnews.am-ի հետ զրույցում ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ, ՓՄՁ ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը նշեց, որ այն ավելացնելու է հարկային բեռը: «Քանի որ  115 միլիոնից շեմը իջնելու է 40 միլիոնի: Հարկային նոր օրենսգիրքն ավելի շատ նման է պատժիչ օրենսգրքի, ավելի վարչարարական է, քան՝  բիզնեսին օգնող»,- նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ հարկային նոր օրենսգիրքը չի քննարկվել շահագրգիռ կողմերի հետ, ինչը ենթադրում է, որ լինելու են թերություններ: «Էլի դժգոհություններ, պրոբլեմներ են լինելու, քանի որ չքննարկվեց շահագրգիռ կողմերի հետ»,- նշեց Սամսոն Գրիգորյանը:

Մեր դիտարկմանը, թե ՊԵԿ-ից եւ ֆիննախից պնդում են, որ քննարկումներ եղել՝ ՓՄՓ ներկայացուցիչն ասաց. «Քննարկումներ եղել են, բայց իրար մեջ, նույն մարդկանցով: Մանր բիզնեսը ներկայացնող ՀԿ-ների եւ միությունների հետ քննարկումներ չեն եղել»,- նշեց Ս. Գրիգորյանը: Նա ասաց, թե ՊԵԿ-ը պարզապես ցանկանում է ափալ- թափալ ինչ-որ փաստաթուղթ ընդունել, ցույց տալու համար, որ աշխատանք է կատարվել: «Շատ հապճեպ ստեղծված փաստաթուղթ է լինելու, որը նորից խնդիրներ է ունենալու»,- ասաց նա:

Սամսոն Գրիգորյանն նկատեց, որ հարկային նոր օրենսգիրքի ընդունումը կառաջացնի սոցիալական ընդվզում, ինչն էլ ենթադրում է, որ բողոքի ալիք կբարձրանա:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահի խոսքով՝ բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել, որոնցից մի քանիսն են միայն ընդունվել: Բայց այս ամենը մակերեսային բնույթի է եղել: