«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ն այս տարի անցկացրել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրության» հետազոտություն, որի նպատակն է եղել վեր հանել ՀՀ Սահմանադրության մեջ առկա խնդիրներն ու բացթողումները, ինչպես նաև բնակչության ակնկալիքները սահմանադրական փոփոխություններից:
Հետազոտության առաջին մասում իրականացվել են 36 խորին հարցազրույց՝ հիմնված հարցման տվյալների վրա: Հետազոտության երկրորդ փուլում իրականացվել է քանակական հարցում ամբողջ Հայաստանի տարածքով 1300 բնակիչների շրջանակում:
«Ըստ բնակչության շրջանում անցկացված ուսումնասիրության՝ հարցվածների 61,1% կարծում է, որ սահմանադրական բարեփոխումները ժամանակավրեպ են, դրանց կարիքը չկա: Հարցվածների 33,9% կարծում է, որ Հայաստանի զարգացումը հիմնականում սխալ ուղղությամբ է ընթանում, իսկ 49.5%` միանգամայն սխալ»,- այս մասին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանը:
«Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ բնակչության շրջանում հարցվածների 56 տոկոսի կարծիքով, իրավունքների խախտման պատճառը օրենքների չկիրառման մեջ է:
«Այսինքն ոչ թե խնդիրը օրենսդրական նորմերի ձևակերպումներն են, այլ հակառակը՝ նորմերը կան, ձևակերպված են և բավականին լավ: Պարզապես այդ հստակությամբ իրավակիրառություն չեն ապահովում»,-ասաց Տիգրանյանը:
Ազգային փոքրամասնությունների մասին հարցման ժամանակ մարդիկ պատասխանել են, որ նրանց պետք է ավելի շատ իրավունքներ տալ:
«Այս առումով, փաստորեն, մեր հասարակության մեջ տոլերանտություն կա: Կրոնական փոքրամասնությունների մասով մենք ունենք 27 տոկոս, ովքեր այն կարծիքին են, որ ոչինչ պետք չէ փոխել: Իսկ ավելի խտացված պատկեր ունենք սեռական փոքրամասնությունների դեպքում: Անհանդուրժողականությունը մեծ է, և մարդկանց մեծ մասը կարծում է, որ պետք է սահմանափակել նրանց իրավունքները»,-հավելեց Տիգրանյանը:
Իրականացված ուսումնասիրության ընթացքում նաև վեր է հանվել բնակչության կարծիքը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, Հայաստանում առկա խնդիրների, ընտրական իրավունքի և ընտրական համակարգի, Հայաստանի ժողովրդավարության, միջազգային միավորումներին Հայաստանի նախընտրելի անդամակցության նախապատվությունների (ՄՄ, թե ԵՄ) և մի շարք այլ հարցերի շուրջ:
«Ըստ հարցվածների՝ Հայաստանում Եվրամիության կողմնակիցները գտնում են, որ Հայաստանը զարգանում է սխալ ուղղությամբ, իսկ ՄՄ-ի կողմնակիցները, ովքեր մտածում են, որ մենք սխալ ուղղությամբ ենք գնում, շատ քիչ տոկոս են կազմում: Այն հարցին, թե ինչպիսի՞ն են տեսնում Հայաստանի ապագան, հարցվածների 5 տոկոսը պատասխանել է, որ գնալով վիճակը լավանում է, իսկ 72 տոկոսը կարծում է, որ գնալով վիճակը վատանում է»,-ասաց Ռուբեն Սարգսյանը: