AraratNews.am-ի զրուցակիցն է ծրագրավորող, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Էդգար Առաքելյանը:
Պարո՛ն Առաքելյան, առաջին անգամ եք մասնակցում ընտրություններին, առաջին անգամ է, որ հայտ եք ներկայացնում լինելու խորհրդարանում: Նախ՝ ինչպես կայացրիք նման որոշում, և երկրորդ՝ ով է ձեզ առաջարկել:
Առաջարկը ստացել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից` ծավալուն ու բովանդակալից զրույցից հետո: Չեմ թաքցնում, որոշումս հեշտ չի եղել: Թողնել IT մասնագետի կայուն, կանխատեսելի և, ի վերջո, շատ սիրելի աշխատանքը, հրաժարվել խաղաղ ու անվրդով կենսակերպից, անկաշկանդ խոսելու, գործելու հնարավորությունից և տեղափոխվել անընդհատ սթրեսների, հարձակումների ու լարվածության հորձանուտ ենթադրող քաղաքական գործունեության դաշտ՝ թերևս քչերը կհամարձակվեին: Սակայն ստեղծված իրավիճակում պատասխանատվությունից խուսափելը, գործընթացներին հեռվից հեռու ամբարտավան քննադատի դիրքերից հետևելը իմ արժեքներին ու իղձերին դավաճանելուն հավասարազոր մի բան կլիներ, ինչի համար ողջ կյանքում գուցե ինքս ինձ պարսավեի: Ուստի ներանձնային այդ կռվում հաղթեց այն գիտակցումը, որ պարտավոր եմ կանգնել այսքան սպասված փոփոխություններն իրականացնող թիմի կողքին և իմ ողջ պոտենցիալը ներդնել այդ փոփոխություններին նպաստելու գործում:
Շատերը նոր իշխանություններին մեղադրում են կադրերի բացակայության, անփորձության մեջ: Դուք ինքներդ քաղաքական փորձ, կարելի է ասել՝ չունեք, սակայն երկար տարիներ եղել եք ակտիվ քաղաքացի, ունեք մի քանի մասնագիտություն, անընդհատ սովորում եք: Հարցս հետևյալն է. վստա՞հ եք ձեր ուժերին, կկարողանա՞ք ակտիվ պահանջատեր քաղաքացուց դառնալ օրենսդիր:
Նախ՝ կադրերի բացակայության մասին պնդումը միֆ է, որն այս ամիսների ընթացքում հմտորեն օգտագործվել է ՔՊ-ի քաղաքական հակառակորդների կողմից: Այո՛, գաղտնիք չէ, որ հեղափոխության սրընթաց հաղթանակից հետո այն առաջնորդած քաղաքական ուժը որոշակի դժվարություններ ունեցավ այդքան կարճ ժամանակահատվածում իր նոսր շարքերից բոլոր կարևոր պաշտոնները պատշաճ պատրաստվածությամբ կադրերով համալրելու հարցում: Սակայն պետք է գիտակցենք, որ ժամանակավոր կառավարության գերխնդիրը երկիրը առանց լուրջ տնտեսական ու կառավարչական ցնցումների արտահերթ ընտրություններին հասցնելն էր, ինչը և նրանք պատվով կատարել են: Որևէ լուրջ ձախողման մասին խոսել մենք ուղղակի չենք կարող, իսկ առանձին վերցրած նախարարներ ու այլ պաշտոնյաներ այս ընթացքում ուղղակի փայլել են: Սա` գործադիրի մասով: Մյուս կողմից, արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք ձեզ հետ միասին ականատես եղանք, թե ինչպիսի որակյալ, կոմպետենտ թիմ ձևավորվեց Երևանի քաղաքապետարանում: Խոսքը թե՛ ավագանու կազմի մասին է, թե՛ գործադիր մարմնի: Եվ ահա հիմա էլ ձեր բոլորի դատին է ներկայացված մի ընդարձակ ցուցակ, որը գրեթե ոչնչով խոցելի չէ, ինչի վկայություններից է այդ թվում նաև մամուլի ու մրցակիցների կողմից բովանդակային քննադատության բացակայությունը:
Ինչ վերաբերում է ակտիվ, պահանջատեր քաղաքացուց կայացած պատգամավոր ու քաղաքական գործիչ դառնալուն, ապա կարծում եմ` դա մեկ տարվա կամ անգամ ԱԺ մեկ շրջափուլի խնդիր չէ: Ինչքան էլ անհրաժեշտ նախադրյալներ անձի մոտ առկա լինեն, այս նպատակին հասնելու, հանրությանն ավելի արդյունավետ ծառայություն մատուցելու համար պարտավոր ես ամեն օր ու ամեն ժամ աշխատել ինքդ քեզ վրա: Եվ վստահ եմ, որ պարզապես անհնար է` դա աննկատ մնա կամ չգնահատվի ընտրողների կողմից: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է, և դեռ առիթներ կունենանք քննարկելու, թե որքանով է դա իմ ու այլ թեկնածուների մոտ ստացվել:
Ի՞նչ խնդիրներ կան, որոնց պատրաստվում եք առաջիկա տարիներին անդրադառնալ, և Ազգային ժողովի ո՞ր հանձնաժողովում եք պատկերացնում ձեր աշխատանքը:
Կարծում եմ` մեկը կլինեմ այն պատգամավորներից, ովքեր ունիվերսալ գործունեություն են ծավալելու խորհրդարանում: Անկախ նրանից, թե ի վերջո ո՛ր հանձնաժողովում ներգրավված կլինեմ, պատրաստվում եմ ակտիվ մասնակցություն ունենալ ամենատարբեր օրինագծերի մշակմանն ու քննարկմանը, հանդես գալ ոլորտային և տարածքային հարցերի վերաբերյալ հարցադրումներով ու առաջարկություններով, հավաքագրել և ներկայացնել հանրային տարբեր խմբերի խնդիրներն ու պահանջները, ըստ անհրաժեշտության ներկայացնել մեր երկիրը արտերկրում` տարբեր խորհրդարանական ձևաչափերում: Փորձելու եմ նոր Հայաստանի պաշտոնյաների գերակշիռ մասի օրինակով գործել առավելագույնս հրապարակային, թափանցիկ և հաշվետու՝ մշտապես պահելով հետադարձ կապը մեր ընտրողների հետ:
Ըստ ձեզ՝ գալիք խորհրդարանն ինչո՞վ է տարբերվելու նախորդից և ի՞նչ արդյունավետություն կունենա:
«Իմ քայլը» դաշինքի կանխատեսվող հաղթանակի պարագայում ակնհայտորեն միանգամայն այլ կլինեն ապագա խորհրդարանում ընդգրկված պատգամավորների գերակշիռ մասի բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը, գալիք Հայաստանի մասին նրանց երազանքներն ու պատկերացումները, անձնական շահը հանրայինին ստորադասելու կարողությունը, անհանդուրժողականությունը կոռուպցիայի և հովանավորչության նկատմամբ (էլ չենք խոսում դրանցում անձնական ներգրավվածության մասին) և էլի շատ ու շատ էական տարբերություններ:
Սակայն ամենակարևոր տարբերությունը, որն ակնառու է լինելու նորընտիր ԱԺ հենց առաջին իսկ ու բոլոր հետագա նիստերի ժամանակ, այն թարմ շնչառությունն է, որը նոր քաղաքական գործիչների այս պլեադան հաղորդելու է մեր իրականությանը: Հեղափոխությունը ոչ միայն հիմնովին տապալել է հին, նեխած համակարգը, այլև վերջապես իրական հնարավորություն է ստեղծել քաղաքական սերնդափոխության համար: Վստահ եմ, որ չնայած բացառված չեն առանձին վերցրած խորհրդարանականների նկատմամբ հանրային դժգոհություններն ու հիասթափությունը, այնուամենայնիվ իր ամբողջության մեջ այս խորհրդարանը լինելու է ամենասիրվածն ու վստահելին Հայաստանի պատմության ընթացքում, ինչի ապացույցը կլինի արդեն 5 տարի հետո կայանալիք հերթական ընտրություններում ժողովրդի տված քվեն:
Ըստ ձեզ՝ քաղաքական ո՞ր ուժերը կլինեն գալիք ԱԺ-ում:
Որպես անհատ հստակ գիտեմ, թե հատկապես ո՛ր ուժերին չեմ ցանկանում տեսնել ապագա որևէ խորհրդարանում: Կարծում եմ` հենց այն հանգամանքը, որ եղել և լինելու եմ հեղափոխական թիմի կողքին, ինքնին կարող է հուշում լինել այս հարցի պատասխանը գտնելու ճանապարհին: Սակայն ժողովրդավարական ընտրությունների ամբողջ հմայքը հենց այն է, որ ժողովուրդն ինքն է կայացնելու այդ որոշումը, և մենք բոլորս պարտավոր ենք հաշվի նստել այդ որոշման հետ` ինչքան էլ դա մեր քիմքին կամ նախասիրություններին համապատասխան կամ ոչ համապատասխան լինի:
Ի՞նչ ուղերձ ունեք, որ ցանկանում եք հղել ընտրողներին: Խնդրեմ՝ կարող եք այստեղ ասել այն, ինչ ցանկանում եք:
Ես համարում եմ, որ համեստությունը մարդու ամենագնահատելի առաքինություններից է: Մեր ընտրողները Հայաստանի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիներ են, և նրանց բոլորին որևէ ուղերձ հղելու իրավունքը վաստակելու համար, կարծում եմ, դեռ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Հետևաբար, նախընտրական այս ողջ ժամանակահատվածում կնախընտրեմ ուղղակի ավելի լավ ներկայանալ հանրությանը, խոսել տարբեր հարցերի վերաբերյալ իմ մոտեցումներից ու տեսակետներից, իսկ ուղերձ հղելու իրավունքը վստահել մեր թիմի քաղաքական առաջնորդին:
Հարություն Մկրտչյան