տուն Uncategorized Հարցազրույց պատգամավորի թեկնածու Էմմա Պալյանի հետ

Հարցազրույց պատգամավորի թեկնածու Էմմա Պալյանի հետ

123
0

Araratnews.amը զրուցել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում Շիրակի մարզից ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու առաջադրված Էմմա Պալյանի հետ:

Տիկի՛ն Պալյան, Դուք Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի օգնականն եք։ Ինչպես հայտնի է, գալիք ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրություններին մասնակցելու են նաև մարզպետը, նրա տեղակալը, խորհրդականը և մի շարք այլ անձինք։ Ինչպե՞ս ընդգրկվեցիք թեկնածուների շարքում, արդյոք դա Ձե՞ր որոշումն էր, գուցե մարզպետի հորդո՞րը։

Այո՛, դա եղել է իմ որոշումը, որն ընդունվեց նաև վարչության կողմից, հակառակ դեպքում ես չէի կարող լինել ցուցակում:

Ե՞րբ եք անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Տարիներ առաջ հավատո՞ւմ էիք նման քաղաքական զարգացումների։

Անդամագրվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 2016 թվականին: Եթե անկեղծ ասեմ, հավատում էի, որ գալու է այն օրը, երբ մեր երկիրն ազատվելու է քրեաօլիգարխիկ իշխանությունից, բայց որ այսքան կարճ ժամանակում նման քաղաքական զարգացումներ կլինեին՝ մտքովս անգամ չէր անցնում: Բայց մի բան հաստատ է. երբ որոշեցի անդամագրվել այս կուսակցությանը, այդ ժամանակ մի ներքին հավատ ունի, որ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է լինելու այն քաղաքական ուժը, որը երկիրը դուրս է բերելու ճահճից: Վստահ էի, որովհետև ճանաչում էի այն մարդկանց, ովքեր կային այդ ուժի ակունքներում, վստահ էի՝ նրանք հավատարիմ են եղել իրենց սկզբունքներին՝ երեկ, այսօր ու հավատարիմ են մնալու նաև վաղը: Ու ես չսխալվեցի, այսօր մենք ապրում ենք արդեն բոլորովին նոր Հայաստանում:

Ինչո՞վ եք զբաղվել մինչև հեղափոխությունը։

Մինչ հեղափոխությունն աշխատել եմ իմ մասնագիտությամբ, եղել եմ լրագրող ԳԱԼԱ հեռուստաընկերությունում, հետո աշխատել եմ Araratnews.am լրատվական կայքում՝ սկզբում որպես լրագրող, հետո նաև` որպես կայքի խմբագիր: Այնպես որ, կարելի է ասել այդ ժամանակ ևս եղել եմ քաղաքականության մեջ:

Շիրակի մարզում խնդիրները բազմաթիվ են, մարզպետի օգնականը բավականին պատասխանատու դիրք է։ Կխոսե՞ք մարզպետարանի աշխատանքի մասին։

Այո՛, մարզում խնդիրները, իրոք, բազմաթիվ են ու բազմաբնույթ: Ու այս 6-7 ամիսների ընթացքում մենք՝ մարզպետ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, աշխատել ենք գերծանրաբեռնված գրաֆիկով, որպեսզի կարողանանք մեր լիազորությունների շրջանակում թեթևացնել ու լուծել շիրակցու խնդիրները: Կոնկրետ ինձ համար ամենամեծ ձեռքբերումը եղել է այն, որ այս ընթացքում մարզի ցանկացած բնակիչ եկել է մեզ մոտ, խոսել է իր խնդիրների մասին, պատմել իր մտահոգությունները, ու մենք բոլորին լսել և արձագանքել ենք: Մինչդեռ նախկինում չի եղել նման բան, մարդիկ եկել են, օրերով ցանկացել են մտնել մարզպետի կամ նրա թիմից մեկ այլ անձի մոտ, բայց նրանց չի հաջողվել: Մենք մեր թիմով կոտրեցինք այդ պատնեշը, այսօր արդեն Շիրակի մարզպետարանի դուռը բաց է բացառապես բոլորի առաջ:

Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքն Ազգային ժողովում։ Կարծու՞մ եք աչքի կընկնեք պատգամավորի կարգավիճակում։

Չեմ ուզում շտապել և առաջ ընկնելով խոսել աչքի ընկնելու մասին, բայց մի բան հաստատ է՝ եթե ամեն ինչ լավ ստացվի, և ես լինեմ Ազգային ժողովում, ապա ջանք չեմ խնայելու անել առավելագույնը: Իմ՝ ԱԺ-ում հայտնվելն ինքնանպատակ լինել չի կարող, ես մի բան հստակ գիտակցում եմ՝ թավշյա հեղափոխությունը հասցնելու ենք վերջնակետին և բոլորս միասին լծվելու ենք նոր Հայաստանի կերտմանը:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակն ընդունվեց ոչ միանշանակ։ Ցուցակում ընդգրկված մարդկանց համարո՞ւմ եք արժանի երկրի օրենսդիր մարմնում հայտնվելու։

Գիտեք, ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսել ցուցակում ընդգրկված մարդկանց արժանի լինել-չլինելու մասին, ընդհանրապես, ամեն մի որոշում կամ քայլ երբեք միանշանակ չի ընդունվել, միշտ քննադատություններ եղել են ու կլինեն, ես ընդամենը մեկ բան կարող եմ ասել. ես լիովին վստահում եմ իմ քաղաքական թիմին ու համոզված եմ, որ նման կարևորագույն որոշումներ կայացվում են երկար ու խոր ուսումնասիրություններից հետո, ու դրանից կարելի է ենթադրել, որ այս կամ այն մարդուն ցուցակում ընդգրկելով՝ հաշվի են առնվել վերջինիս հմտությունները, կարողությունները, անցած ճանապարհը և, վերջապես, հաշվի է առնվել այն հանգամանքը, թե տվյալ մարդն իր ներկայությամբ ի՛նչ կտա գալիք 7-րդ գումարման Ազգային ժողովին՝ ի շահ ՀՀ քաղաքացու:

Ի՞նչ կասեք հակառակորդ կուսակցությունների նախընտրական ցուցակների մասին։

Բոլոր առաջադրված ուժերին մաղթում եմ հաջողություն առաջին հերթին, իսկ ցուցակների մասին խոսել չեմ ուզում, որովհետև կստացվի, որ ես հիմա այս կամ այն անձի մասին խոսելու եմ լավ կամ վատ, եկեք ուղղակի վստահ լինենք, որ այս ընտրություններն իրենց որակով ու թափանցիկությամբ բոլորովին տարբերվելու են մինչ այժմ Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից: Ու արդեն դեկտեմբերի 10-ին կիմանանք, թե ՀՀ հպարտ քաղաքացին ի՛նչ վերաբերմունք ու կարծիք ունի բոլոր թեկնածուների նկատմամբ:

Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է լինելու «Իմ քայլը» դաշինքի հիմնական մրցակիցը։

Դա կարող է ասել միայն ՀՀ քաղաքացին, դա իր որոշելիքն է:

Անձամբ Դուք՝ տեղում, ինչպե՞ս եք իրականացնելու քարոզարշավը։ Արդեն մշակած ծրագիր ունե՞ք։

Դեռևս ոչ հստակ, բայց կա նախնական մտադրություն քարոզարշավը թիմային իրականացնելու: Մեզ համար առաջնայինը դաշինքի հաղթանակն է լինելու և ոչ անհատների՝ ինչքան էլ ընտրությունների գնում ենք ռեյտինգային համակարգով:

Մարիամ Մարգարյան