Araratnews.am-ը զրուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:
Մոտավորապես 1,5 ամիս է` ղեկավարում եք «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ի՞նչ վիճակում էր հիմնադրամը, երբ ստանձնեցիք տնօրենի պաշտոնը:
Նախ՝ առաջինը ասեմ, ես ինքս էնտուզիազմով լի եմ և շատ դրական տրամադրված եմ ապագային նայում: Այո, հիմնադրամում խնդիրներ կային, քանի որ մոտ 3-4 ամիս հիմնադրամի աշխատանքները, կարելի է ասել, խափանվել էին, որովհետեւ չկար տնօրեն, այսինքն՝ այդ պատմությունն էր եղել, նաև աշխատակազմն էր ինչ-որ ձևով թևաթափվել: Եվ չնայած ընթացիկ շինարարական աշխատանքները շարունակվել են, բայց ապագային նայող, ապագային միտված ծրագրային լուրջ գործունեություն չէր ծավալվել: Եթե ժառանգության մասին խոսենք, ասում են՝ ժառանգությունն այդքան էլ ծանր չէ, բայց շատ թեթև էլ չէ: Էսպես կարող եմ ասել․ կարծում եմ՝ պետք է նայել դեպի առաջ։ Այս պահին ինքս հեռուստամարաթոնին եմ նախապատրաստվում և՛ այստեղի ողջ անձնակազմի հետ, և՛ Միացյալ Նահանգներում Լոս Անջելեսի «Հայաստան» հիմնադրամի գրասենյակի հետ միասին: Նաև շուտով Փարիզում կլինի հեռուստամարաթոնը, Բրազիլիայում է դրամահավաք կայացել, իսկ դրանից առաջ Տորոնտոյում տեղի ունեցավ դրամահավաք, որը ռեկորդային գումար հավաքեց՝ նման գումար երբևէ չէր հավաքվել: Մարդիկ ոգևորված են, մարդիկ նոր Հայաստանով են ոգևորված, թավշյա հեղափոխությամբ են ոգևորված, այնպես որ, ես շատ դրական եմ տրամադրված այս ամեն ինչի նկատմամբ:
Նախկին ղեկավար Արա Վարդանյանի անվան շուրջ բարձրացած տխրահռչակ աղմուկից հետո հիմնադրամում աուդիտ իրականացվե՞լ է, եթե այո, ապա արդյունքների մասին կխոսե՞ք։
Հիմա ավարտական փուլում է գտնվում հաշվեքննիչ պալատի գործունեությունը հիմնադրամում, որն իրականում աուդիտ է։ Մենք սպասում ենք հաշվեքննիչ պալատի եզրակացություններին, այնուհետեւ մտադիր ենք տարվա աուդիտ իրականացնել, միանշանակ նաև դրսից պետք է աուդիտ հրավիրենք: Այսինքն՝ նախկին ընկերությունը չի լինելու, որ տարիներ շարունակ աուդիտ է իրականացրել այս հիմնադրամում, մենք կփորձենք լավագույն աուդիտորական ընկերություններին հրավիրել և փորձել վերջնական հասկանալ, թե հիմնադրամի քաղած դասերը որո՛նք պետք է լինեն, ի՛նչ փոփոխություններ պետք է լինեն ներքին կառավարման համակարգում, ֆինանսական միջոցների կառավարման համակարգում։ Այս պահին օրեցօր սպասում ենք հաշվեքննիչ պալատի եզրակացությանը:
Եղե՞լ են նվիրատուներ, ովքեր հրաժարվել են այլևս աշխատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ վստահության կորստի պատճառով։
Այո՛, մոտ երկու շաբաթ առաջ, երբ ես Միացյալ Նահանգներում էի, կային խոշոր նվիրատուներ, ովքեր որոշել էին հրաժարվել հիմնադրամի հետ գոնե այս տարի աշխատելուց: Սակայն ունեցել եմ մոտ 30-40 հանդիպում թե՛ համայնքային կառույցների հետ և թե՛ նվիրատուների հետ. Լոս Անջելեսի մեդիաներում եմ ելույթներ ունեցել և փորձել եմ որքան հնարավոր է մարդկանց մոտ վստահությունը վերականգնել, հուսամ՝ դա ինձ հաջողվել է: Եվ կարծում եմ՝ այս տարի մեծ սպասելիքներ ունենք հեռուստամարաթոնից:
Ձեր ելույթներում ասել եք, որ փոխելու եք հիմնադրամի կողմից իրականացվող դրամահավաքի կոնցեպցիան։ Առհասարակ, ի՞նչ փոփոխություններ եք իրականացրել՝ որպես նորանշանակ ղեկավար։
Այս պահին պիլոտային ծրագիր ենք անում քրաուդֆանդինգի (crowdfunding) հետ կապված, այսինքն՝ օնլայն հարթակներում մանր գումարներով, բայց շատ ներգրավվածությամբ դրամահավաք ենք կազմակերպում, փորձենք տեսնել ինչ կստացվի: Իհարկե, հիմնադրամի բոլոր տարածքային կառույցները աշխարհի տարբեր երկրներում անում են իրենց գործը, և այն, ինչ հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարվում է, բոլորս էլ գիտենք, որ դա ամբողջ տարվա աշխատանքի արդյունք է, մեկ օրում մարդիկ չեն որոշում գումար տալ, նվիրատվություն անել։ Հեռուստամարաթոնը ուղղակի եզրափակում է այդ ամեն ինչը, նաև ունի սիմվոլիկ նշանակություն: Կարծում եմ՝ հեռուստամարաթոնի գաղափարը միգուցե նաև ավելի ինովացիոն կերպով կարելի է շարունակել, բայց աշխարհում ունենք միլիոնավոր հայրենակիցներ, ովքեր պատրաստ կլինեն իրենց մեկ ամսվա մեկ գավաթ սուրճի կամ մեկ գավաթ հյութի գումարը նվիրաբերել հիմնադրամին: Խոսքն ամսական մեկ, հինգ կամ տասը դոլարի մասին է: Իմ հիմնական նպատակը թե՛ քրաուդֆանդինգի միջոցով, այսինքն՝ օնլայն հարթակներում որոշակի փոքր պրոյեկտների համար դրամահավաք անելն է, և թե՛ փորձել օնլայն հեռախոսային ափլիքեյշնների միջոցով մարդկանց ներգրավել հիմնադրամի աշխատանքներում: Ինձ համար գումարի մեծությունը, չափը կապ չունի, կարծում եմ՝ հիմնադրամն ուղղակի այն կամուրջն է, այն կարևոր օղակներից մեկն է, որը կարող է սփյուռքի մեր հայրենակիցներին կապել Հայաստանի հետ: Եվ երբ մարդը տալիս է այդ մեկ կամ հինգ դոլարը և դրա դիմաց նաև ստանում է հաշվետվություն, թե այդ փոքրիկ գումարը տարվա ընթացքում ուր է ուղղվել, այդ թափանցիկությունը, բացությունը և հաշվետվողականությունը մարդկանց ավելի են ոգևորում:
Այսօր սփյուռքում նաև երիտասարդների հետ աշխատանքի խնդիր ունենք՝ երիտասարդ սերունդը կապված չէ ո՛չ եկեղեցու հետ, ո՛չ դասական կառույցների հետ՝ կուսակցություններ, բարեգործական կազմակերպություններ և այլն: Այդ երիտասարդներին ներգրավելու ձևն էլ կա, այսինքն՝ պետք է այնպես անել, որպեսզի հիմնադրամի աշխատանքներում, ծրագրերում բովանդակային փոփոխություններ լինեն, որ այդ երիտասարդները նույնպես հետաքրքրված լինեն հիմնադրամի հետ աշխատելով: Մի ուրիշ ձևաչափ էլ կա, և այդ ձևաչափը շուտով սկսելու ենք կիրառել ՝ հիմնադրամի աշխատանքներում, հատկապես հայաստանյան գրասենյակում սփյուռքահայ կամավորների ներգրավվածությունը: Մենք պետք է հիմնադրամի այստեղի աշխատակազմում ներգրավենք պրոֆեսիոնալ երիտասարդ սփյուռքահայերի, ովքեր կբերեն թե՛ իրենց արևմտյան փորձը, թե՛ նոր շունչ հիմնադրամի աշխատանքներում, թե՛ մթնոլորտը կփոխեն հիմնադրամի ներսում: Ուզում եմ ասել, տարբեր վեկտորներով աշխատում ենք և հիմնադրամի գործունեությունը պետք է բազմավեկտոր լինի, որովհետև միայն ճանապարհաշինությամբ կամ դպրոցաշինությամբ երկիրը շատ առաջ չի քայլի: Մենք պետք է անցնենք ենթակառուցվածքների ստեղծման փուլը և սկսենք լուրջ բովանդակային ծրագրեր թե՛ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, թե՛ կրթության ոլորտում, թե՛ արևային էներգիայի, քանի որ կանաչ էներգիայի գաղափարը Հայաստանում պետք է ամրապնդվի, և, կարծում եմ՝ հիմնադրամը շատ լուրջ գործ ունի այդտեղ անելու:
Արդյո՞ք փոխվելու է նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։
Ժամանակն է, այո՛, խոսել այդ մասին, բայց այդ հարցին կարելի է անդրադառնալ հեռուստամարաթոնից հետո, երբ հիմնադրամը հասկանա իր անելիքները: Կարծում եմ, որ հոգաբարձուների խորհրդում պետք է ներգրավվեն նաև նոր երիտասարդ դեմքեր, ովքեր սփյուռքում կայացած մարդիկ են: Հոգաբարձուների խորհրդի անդամների գործառույթներից մեկն է ֆանդռայզինգ (fundraising) անելը, և, իհարկե, հոգաբարձուների խորհրդի անդամ լինելը մեծ պատիվ է մարդկանց համար, և այդ անդամներից շատ-շատերը ժամակին բավական օգնել են հիմնադրամին: Սակայն, կարծում եմ, նոր, երիտասարդ շունչ պետք է մտնի հոգաբարձուների խորհուրդ, ովքեր լուրջ աշխատանք կարող են անել թե՛ ֆանդռայզինգի առումով և թե՛ ինովացիոն նոր գաղափարների առումով:
Հիմնադրամն իրականացնում է միմյանց հաջորդող տարաբնույթ ծրագրեր, որոնք կենսական կարևորություն ունեն մեր հայրենիքի համար: Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի ու գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում բազմաթիվ սոցիալապես խոցելի խմբեր։ Ըստ Ձեզ՝ մինչ այս հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերից որո՞նք են ամենակարևորը և որո՞նք են լինելու նույնքան կարևոր առաջիկայում։
Ճիշտն ասած, հասարակությունը թե՛ այստեղ, թե՛ սփյուռքում շատ տեղյակ չէ հիմնադրամի կատարած աշխատանքներից: Մարդիկ հիմնականում գիտեն, լսել կամ տեսել են Հայաստան-Արցախ միացնող ճանապարհը, նաև երկրորդ ճանապարհը, որն ուղղակի հրաշք է այն առումով, որ շատ է կրճատում Արցախ հասնելու հնարավորությունը, նաև շատ ավելի բարձր որակ ունի, քանի որ Հայաստանի հարավային հատվածը, գիտեք, ի՛նչ վատ վիճակում է, հատկապես Զանգեզուրի հատվածը: Բայց եթե գնաք Արցախ, Արցախի ամեն գյուղում մարդիկ լսել են հիմնադրամի մասին, իրենց կյանքի որակի փոփոխություն են տեսել հիմնադրամի շնորհիվ: Այնտեղ բազմաթիվ դպրոցներ ու համայնքային կենտրոններ են բացվել, ջրագծեր են կառուցվել և այլն: Հիմա՝ 2018-ին, երկու պիլոտային ծրագիր է սկսվել՝ մեկը արևային էներգիայի կայանների տեղադրումն է տների վրա և մյուսը կաթիլային ոռոգման համակարգի ստեղծումն է, խորքային հորեր են փորվում, և այդ հորերը մեկ կիլոմետր շրջագծով փորձում են տարածել, որպեսզի կաթիլային ոռոգման համակարգ լինի, որն աշխարհում ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման հիմքերից մեկն է այսօր՝ առանց դրա ոչ մի գյուղատնտեսական երկիր առաջ չի քայլում: Ուզում ենք նաև շարունակել այդ խորքային հորերի և կաթիլային ոռոգման ծրագիրը այս տարվա հեռուստամարաթոնի ընթացքում Արցախի հարցով, բայց նաև փորձում ենք ավելի շատ ծրագրեր իրականացնել Հայաստանում:
Հայաստանում էլ ունենք բազմաթիվ ծրագրեր և էլի շատ մարդիկ գիտեն դրա մասին՝ Աշոցքում, Արմավիրում, Տավուշում, Գյումրիում: Օրինակ՝ Գյումրիում հիմնադրամը 40-ից ավել բնակարան է գնել, կահավորել և հանձնել է տնակներում ապրող մարդկանց: Ընդ որում, շատ խելացի լուծում են գտել. այդ տունը մարդկանց չեն տալիս անհատույց, այսինքն՝ 5 տարի ժամանակով, որ հանկարծ այդ մարդիկ տունը չվաճառեն գնան կամ հետ գնան նորից իրենց տնակում ապրեն: Այսինքն՝ ծրագիրը ստիպում է այդ մարդուն իր տնակը քանդել, որպեսզի ուղղակի հետդարձի ճանապարհ չլինի: 5 տարի հետո այդ տունը վերջնականապես տրվում է տվյալ մարդուն: Սփյուռքում մարդիկ բավական դրական են տրամադրված Գյումրիի այդ ծրագրին, որովհետև բավական մատչելի է նստում այնտեղ տուն գնելը, կահավորելը ու հնարավոր է լինում բազմաթիվ ընտանիքների հետ բերել իրական կյանք և փոխել նրանց կյանքի որակը: Շատ եմ խոսել քաղաքական տարբեր պատասխանատուների հետ, նաև հոգաբարձուների խորհրդի ղեկավար ՀՀ նախագահի հետ, և ուրախ եմ, որ բոլորս մեկ ուղղությամբ ենք մտածում, այն է՝ Հայաստանը պետք է դառնա միտք արտադրող երկիր, որովհետև մեր երիտասարդների մտքի պոտենցիալը շատ-շատ մեծ է: Այդ մտքի թռիչքը պետք է ուղղորդել, այդ երիտասարդներին ճիշտ ճանապարհի վրա դնել, և հիմնադրամը, կարծում եմ, այստեղ նույնպես անելիքներ ունի: Մյուս կարևոր ծրագիրը, որ ցանկանում ենք այս տարի դրամահավաքի արդյունքում անել, Հայաստանում որքան հնարավոր է շատ կրթական հաստատությունների, հատկապես դպրոցների, ջրամատակարարման և ջեռուցման հարցը լուծելն է: Եթե կարողանանք առաջիկա տարիներին հենց նույն հիմնադրամի միջոցով Հայաստանի բոլոր դպրոցներն ապահովել ինքնավար և արևային էներգիայով, մենք նաև բավական մեծ գումարներ կխնայենք Հայաստանի ներսում, և այդ գումարները կուղղենք երեխաների բուն կրթությանը և ոչ թե շենքերի պահպանմանը և այլն: Մեկ այլ ծրագիր էլ կա, բայց դրա մասին չեմ ուզում խոսել առայժմ, հեռուստամարաթոնի ժամանակ կիմանաք: Հիմնադրամը մի քիչ այլ ոլորտ էլ է մտնում, որովհետև այդ դոնորները փորձում են մեծ գումարներ տալ լրիվ ուրիշ ոլորտի համար, բայց դրա մասին հեռուստամարաթոնի ժամանակ կիմանաք:
Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ասել է, որ պետք է հրաժարվել գումարներ նվիրաբերելու մեթոդից և անցնել ներդրումներ անելու մեթոդին։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրա այդ դիտարկումերին։
Ես վստահ եմ, որ վարչապետը խոսում է աղքատության կրճատման մասին, որ բարեգործությամբ աղքատություն չես կրճատի: Բարեգործությամբ կարող ես հիմք դնել որևէ ոլորտում, բայց իրականում պետական հոգածությունը և ներդրումները շատ կարևոր են, որովհետև միայն բարեգործությամբ երկիր չես պահի: Կամ՝ միայն հարկային քաղաքականությամբ, հարկեր հավաքելով երկիր չես պահի: Եվ, այո՛, ես էլ եմ համամիտ վարչապետի հետ, որ Հայաստանում մենք պետք է ունենանք այնպիսի միջավայր, որի հիմքերը թավշյա հեղափոխությունից հետո արդեն դրվել են, խոսքը կոռուպցիայի վերացման մասին է և այլն, բայց նաև օրենսդրական այնպիսի մի միջավայր պետք է լինի, որ բիզնեսի և ներդրումների համար Հայաստանը լինի ամենակայացած տեղերից մեկը: Իսկ բարեգործության առումով, եթե խոսում ենք հիմնադրամի աշխատանքների մասին՝ ընդհանրապես արևմտյան աշխարհում մարդկանց մոտ, այսպես ասած, մարդասիրությունը, բարեգործությունը շատ ընդունված են, և կան միլիոնավոր սփյուռքահայեր, ովքեր հետաքրքրված չեն ներդրումներով, բայց հետաքրքրված են փոքրիկ գումարներ ուղղել Հայաստանին, և այդ գումարներով զարգացման ծրագրեր իրականացնել: Ինչքան էլ մենք ասենք, որ մենք բարեգործություն ենք անում, ի վերջո, մենք իրականացնում ենք զարգացման ծրագրեր, և հիմնադրամը լավ հիմք է ստեղծում մեծ ներդրումների համար Հայաստանում: Այդ առումով էլ մի նախագիծ էլ ունեմ, և եթե կարողանանք սրա համար ևս գումարներ հայթայթել, ապա այն իրականում կբերի մեծ ներդրումներ, խոսքը բարձր տեխնոլոգիաների ոլորտում լայնածավալ ստարտափերի ֆինանսավորման մասին է, որոնք այդ ֆինանսավորման արդյունքում կունենան որոշակի պրոդուկտներ և այդ պրոդուկտները արդեն արտադրված ստարտափին կարող ենք մոտեցնել բիզնեսի հետ և արդյունքում հնարավոր է լուրջ ներդրումներ բերել Հայաստան: Իհարկե որոշակի փուլում հիմնադրամը, այսպես ասած, դուրս կգա, և այդտեղ կլինեն տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, պոլիտեխնիկը, կլինեն նաև Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունները, կլինեն դրսի բիզնեսները: Ստարտափերի ստեղծած այդ ծրագրերը, որոնք կարժենան մի քանի հազար դոլար, թեկուզ 50 հազար դոլար, բայց այդ 50 հազար դոլարը կբերի միլիոնավոր, ինչու ոչ՝ հարյուր միլիոնավոր դոլարների ներդրում Հայաստան:
Արդեն նշեցիք, որ ամենամյա հեռուստամարաթոնները շարունակվելու են։ Ե՞րբ է լինելու հաջորդը, ինչպե՞ս եք այն պատկերացնում։
Առաջիկա մարաթոնը լինելու է ավանդաբար՝ նոյեմբերի 22-ին: Խոսքը Միացյալ Նահանգներում Գովաբանության օրվա մասին է, օրը շարժական է, ըստ օրացույցի նոյեմբերի վերջին է լինում: Հենց առաջին իսկ օրվանից, երբ սկսել եմ այստեղ աշխատանքներս, հիմնականում զբաղվել ենք հեռուստամարաթոնի նախապատրաստությամբ, և նաև նախորդ այցս Միացյալ Նահանգներ հիմնականում կապված է հիմնադրամի շուրջ վստահության վերականգնման հետ: Այս տարվա մարաթոնը լինելու է լիովին տարբեր թե՛ իր սցենարով, թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իր ոճաբանությամբ, թե՛ իր ձևաչափով: Չեմ ուզում ասել՝ ինչպես է լինելու, կտեսնեք շատ նոր դեմքեր, կտեսնեք ծանոթ դեմքեր, որոնք նաև հեղափոխության դեմքերն են եղել, այդքանը կարող եմ բացել, և կփորձենք ավելի ինտերակտիվ դարձնել այդ ամեն ինչը, այսինքն՝ դասական հեռուստամարաթոն չի լինելու:
Մոտավորապես երկու տարի առաջ Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ այն ժամանակվա իշխանությունները փորձում են ամեն կերպ ամայացնել քաղաքական դաշտը: Այսօր ինչպիսի՞ն է մեր քաղաքական դաշտը:
Այս հարցին պատասխանեմ ոչ թե որպես հիմնադրամի տնօրեն, այլ որպես ՀՀ հպարտ քաղաքացի (ժպտում է): Այո՛, չեմ ժխտում այն միտքս, որ նախկին իշխանությունները փորձում էին ամեն կերպ ամայացնել Հայաստանում քաղաքական դաշտը, և հաստատվել էր մեկ կուսակցության մենաշնորհ Հայաստանում, թե՛ գործադիր իշխանությունում, թե՛ դատական իշխանությունում, թե՛ Ազգային ժողովում, թե՛ օրենսդիր իշխանությունում և այլն: Վերջերս ուշադիր հետևում եմ քաղաքական դաշտի վերաձևավորումներին, տեսնում եմ, որ նոր երիտասարդ քաղաքական ուժեր են փորձում գալ հարթակ: Հետաքրքիրն այն էր, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում տեսանք նոր դեմքեր, որոնք մեզ համար իհարկե նոր չէին, և ընտրությունների արդյունքում եկան ավագանի: Այդ մարդկանց մեծ մասը քաղաքացիական ակտիվիստներ էին, հասարակական դաշտից էին և միշտ պայքարել էին արդարության համար, մարդու իրավունքների պաշտպանության համար, Երևան քաղաքի ավերման դեմ էին պայքարել: Այդ մարդիկ այսօր եկան ու իշխանությունը ստանձնեցին Երևանի ավագանիում, ինչը շատ ուրախալի է: Այո՛, քաղաքական դաշտին պետք է հաղորդել նոր շունչ, և այդ նոր շունչը երիտասարդներն են, որոնք փորձառություն ունեն քաղաքական պայքարում, երբեք կուսակցական չեն եղել: Նույնը նաև ՔՊ-ի մասին կարող եմ ասել, «Քաղաքացիական պայմանագիրը», երբ հիմնվում էր և երբ դեռ նախաձեռնություն էր, ես հիշում եմ, թե որքան քիչ էինք, բայց հետո աստիճանաբար ինչքան մարդ ներգրավվեց, ինչքան երիտասարդ ուժեր ներգրավվեցին: Հիմա արդեն պատիվ է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ լինելը։
Արդյոք հարո՞ւմ եք որևէ կուսակցության, ապագայում Ձեզ պատկերացնո՞ւմ եք քաղաքական ասպարեզում։
Ես երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել և չեմ: Այս պահին ես ինձ հիմնադրամում եմ պատկերացնում, որովհետև այս աշխատանքն իրոք շատ հետաքրքիր է, բազմաթիվ ոլորտներ ես մտնում: Ես ինքս 1998-99 թվականներից անընդմեջ աշխատել եմ սփյուռքի հետ, այդպես է ստացվել աշխատանքի բերումով։ Հիմնադրման օրվանից աշխատել եմ «Դեպի Հայք» հիմնադրամում 6 տարի, այդ հիմնադրամը սփյուռքից կամավորներ էր բերում Հայաստան, ովքեր այստեղ առնվազն 2 ամիս պետք է կամավոր աշխատեին իրենց նախընտրած ոլորտներում, հայերեն պետք է սովորեին, ծանոթացնում էինք տեղի երիտասարդների հետ, ապրում էին հյուրընկալ ընտանիքներում (հիմա էլ կա այդ ծրագիրը), նաև, բնականաբար, շրջագայություններ էին կազմակերպվում Հայաստանում և Արցախում: Հիմնադրամում աշխատելու տարիներին շուրջ 400 կամավոր եմ ընդունել և շատ հպարտ եմ նրանով, որ այդ կամավորների մեծ մասն այսօր իմ ընկերներն են: Այս աշխատանքն ինձ միշտ հոգեհարազատ է եղել և միշտ ինձ ուղեկցել է:
Ի՞նչ հույսեր ունեք նոր իշխանություններից, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի մոտավոր ապագան։
Հույսեր չունեմ, վստահ եմ, որովհետև իրոք թավշյա հեղափոխությունը եզակի հնարավորություն է մեզ տվել, այսպիսի հնարավորություն Հայաստանը կարող էր առաջիկա 50-100 տարվա ընթացքում չունենալ: Եվ սա եզակի հնարավորություն է, որպեսզի մենք ստեղծենք մեր երազանքների երկիրը, մեր ուզած Հայաստանը, այն Հայաստանը, որտեղ հարգում են մարդու իրավունքները, որտեղ չկա կոռուպցիա, որտեղ մարդիկ ժպտում են, որտեղ մարդիկ երջանիկ են, որտեղ մարդիկ հպարտ են, որ ապրում են այդ երկրում: Դա նաև կուզեի արտացոլվեր սփյուռքի վրա, և այս Հայաստանը պետք է լինի բոլոր հայերի իրական հայրենիքը, և համահայկական հիմնադրամը պետք է լինի իրական համահայկական հիմնադրամ, վստահելի հիմնադրամ, այն կամուրջը, որը կկապի Հայաստանը և սփյուռքը:
Մարիամ Մարգարյան