ՀՀ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ուղեկցությամբ ժամանեց ՄԻՊ գրասենյակ:
Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ 96 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց Մարդու իրավուքների նոր պաշտպան:
Այսօր Արման Թաթոյանը ՄԻՊ գրասենյակում առաջին աշխատանքային օրը սկսեց աշխատակազմի հետ ծանոթությամբ:
«Կարծում եմ՝ մեր երկրի համար շատ կարևոր և պատասխանատու մի օր ենք սկսել այս առավոտյան: Մեր երկրի նախագահի, ԱԺ-ի, մեր քաղաքական ղեկավարության անունից ես և պարոն Սահակյանը պատիվ ունենք ձեզ ու ՀՀ ամբողջ հասարակությանը ներկայացնելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին»,- ներկայացնելով նորընտիր օմբուդսմենին՝ ասաց խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու սկսեց թվարկել պաշտպանի մասնագիտական բարձր որակները, որոնք հաշվի առնելով էլ, տիկին Նաղդալյանի խոսքով, Հանրապետականն առաջադրել էր Թաթոյանի թեկնածությունը:
«Ի դեմս Արման Թաթոյանի՝ մենք կարող ենք ասել, որ ունենք մասնագիտական, կրթական շատ բարձր մակարդակ: Չնայած երիտասարդ տարիքին, բավականին պատկառելի աշխատանք կատարած անձնավորություն է, որը տարիներ շարունակ աշխատել է Հայաստանի հանրապետությունում օրենքի գերակայության ոլորտում»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ, պարոն Թաթոյանին շնորհավորելուց հետո, շեշտեց՝ նոր պաշտպանն ունի ամբողջ քաղաքական ներկապնակի վստահության քվեն:
«Ես ինքս շփվել եմ պարոն Թաթոյանի հետ. եթե պաշտոնյան ունի ազնվություն, սկզբունքայնություն և նաև գիտելիքների համապատասխան պաշար, ապա շատ խնդիրներ շատ արագ կարող են լուծումներ գտնել»,- նշեց Հովհաննես Սահակյանն ու հավելեց՝ նոր պաշտպանը այդ սկզբունքները կրողն է:
Արձագանքելով հնչած շնորհավորանքներին՝ նորընտիր օմբուդսմենը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա նշեց՝ «հարազատ միջավայրում է, պատրաստ լուծելու առկա բոլոր խնդիրները»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կադրային փոփոխություններ սպասվո՞ւմ են, պարոն Թաթոյանն ասաց՝ կա ձևավորված աշխատակազմ, այդ աշխատակազմի հետ միասին կաշխատեն:
Araratnews.am-ը ՄԻ պաշտպանից հետաքրքրվեց՝ կա՞ն առանձնացված հարցեր, որոնց առաջնահերթ անդրադառնալու է. «Հերթականությունը հիմա չասեմ, որովհետև բոլոր հարցերն էլ կարևոր են: Շատ գանգատ- դիմումներ կան, որոնք մարդիկ են ներկայացրել: Վստահ եմ, որ այս ժամանակահատվածում, երբ որ ՄԻ պաշտոնը թափուր էր, ժամկետի հարցեր էլ կան, այնպես որ շատ խնդիրներ կան լուծելու: Դրա համար ձեզանից խնդրում եմ որոշակի ժամանակ և հետո հարցերով կկիսվենք»:
Նոր պաշտպանը տարօրինակ չի համարում, որ քաղաքական հնչեղություն ստացած հարցերին ծանոթ չէ, խոսքն այդ դեպքում ազատազրկված Գևորգ Սաֆարյանի և Վարդգես Գասպարիի մասին է: Պաշտպանն իր խոսքում զգույշ է, ասաց. «Պետք է խորությամբ ուսումնասիրել, գործի նյութեր գուցե կան, որոնց հիմնա վրա էլ պետք է հայտարարություններ անել, ոչ թե սիրողական մակարդակի»:
Ապա ժամանակ խնդրեց՝ համապատասխան ուսումնասիրություններ անելու և գնահատականներ հնչեցնելու համար:
Շողիկ Գալստյան