տուն Լուրեր ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություն Հայաստանում

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժություն Հայաստանում

107
0

odkb

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվելու է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունը։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, զորավարժությունը կանցկացվի «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը եւ անցկացումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում» խորագրի ներքո:

Միջոցառման անցկացման մասին որոշումը ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդն ու Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն ընդունել են 2014 թվականի դեկտեմբերին:

Զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ստորաբաժանումներ եւ ներկայացուցիչներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաեւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի եւ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։

«Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժության հիմնական նպատակներն են՝ փոխըմբռնման եւ համագործակցության ամրապնդումը դրանում ներգրավված ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջեւ, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում եւ խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների եւ շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման եւ մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։

Առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձեւավորման եւ բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: Խորհրդի որոշման եւ խաղաղապահ գործողության անցկացման մանդատը ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձնի ձեւավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցությունների վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում եւ դիտակետերում պարեկային հերթապահության ու ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման եւ չեզոքացման կարողություններ զարգացման խնդիրներ։

2014 թվականի օգոստոսին այդպիսի զորավարժություններ անցկացվել են նաեւ Ղըրղզստանի տարածքում: