Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը պրոբլեմ է, որի հետ հասարակությունը պետք է մոբիլիզացվի և սկսի պայքարի միջոցներ փնտրել: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Դեռևս նախորդ տարի էլցանցը սակագինը 13 %-ով բարձրացնելու հայտ ներկայացրեց և խոստացավ, որ թանկացում այլևս չի լինի: Ինչ վերաբերում է պարտքերի գոյացմանը, ապա այստեղ մեղավորը Կառավարությունն է: Սակագինը թանկացնելովˋ ՀԷՑ-ը աբսուրդային քաղաքականություն է վարում. ունենալով 32 մլն դրամի շահույթˋ այն ուզում է իր աշխատողներին բարեգործություն անել ոչ թե իր հաշվին, այլ սպառողների»,-նշեց նաˋ հավելելով, որ սկզբում ՀԷՑ-ը սակագինը 17 դրամով թանկացնելու հայտ կներկայացնի, իսկ հետո այն կթանկացնի 6 դրամով և կպնդի, որ ընդառաջել է հասարակության պահանջին:
Անդրադառանալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքինˋ բանախոսը նշեց, որ հանձնաժողովի դիրքորոշումը հստակ էˋ թանկացումն անխուսափելի է.
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիրքորոշումը ցույց է տալիս, որ գնաճն անխուսափելի է: Նրանք միայն տեսականորեն են մտահոգվում, այսինքնˋ գիտակցում են, որ պետք է ասենˋ մտահոգվում ենք, բայց ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեն գալիս»,-հավելեց Պիպոյանը:
Վերջինս ընդգծեց նաև, որ եթե հիմա էլի թանկացում լինի, մեկ կամ երկու տարի հետո կրկին ունենալու ենք թանկացման հայտ, իսկ յուրաքանչյուր թանակցում իր հերթին շղթայական թանկացման է տանելու, քանի որ սակագնի թանկացման արդյունքում էականորեն կթանկանան նաև մի շարք մթերքներ, որոնց արտադրության համար օգտագործվում է էլէներգիա: