Ազգային ժողովում ընթացող Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության մասին հաղորդմանն ելույթով հանդես եկավ Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նախ նկատեց՝ հանրային հեռուստաընկերության նպատակն է հասարակության մեջ ժողովրդավարության, մարդասիրության եւ այլ արժեքների տարածումը. «Բայց հանրային հեռուստաընկերությունն, ըստ էության, իր առաքելությունը չի կատարում: 2013թ-ի սեպտեմբերի 3-ին, 4-ին Սերժ Սարգսյանի կողմից հայտարարվեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշման ռադիկալ փոփոխության մասին, այն է՝ ասոցացման համաձայնագրի տապալումը, ինչպես նաեւ հրամանագրի ստորագրումը, որով ստեղծվում էր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, հայտարարվեց նաեւ՝ Հայաստանի Ռուսաստանի կցորդ դառնալու մասին, բայց այս կարևոր գործընթացների վերաբերյալ հանրային բանավեճ չծավալվեց»:
Հիշեցրեց սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողների անունները. «Լևոն Տեր-Պետրոսյան՝ ՀՀ քաղաքացի, որն առաջին անգամ ընտրվել է նախագահ, երկրորդ անգամ զավթել է իշխանությունը, երրորդ անգամ ընտրվել է, հաղթած նախագահ է, ինքը պետք է 2008թ-ին լիներ նախագահ: Ռոբերտ Քոչարյանը եւս դեմ է արտահայտվել. անձ, որը երկու անգամ բռնազավթել է իշխանությունը»:
Նշեց նաեւ Ստեփան Դեմիրճյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի անունները, որոնք եւս դեմ են արտահայտվել: Պատգամավորի խոսքով՝ այս ամենը պետք է հանրությանը տեղեկացնել, բայց հանրային հեռուստառադիոընկերությունը չի ծառայում այդ նպատակին, չի կատարում իր առաքելությունը: