Հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների երկրորդ լուրջ փոփոխությունը: Նոր հզոր ցիկլոն է մոտենում հանրապետության տարածքին և վաղը երեկոյան ժամերին լեռնային շրջաններում կտեղա ձյուն, իսկ հովտային շրջաններում, նաև մայրաքաղաքում կնկատվի թաց ձյան տեսքով տեղումներ: Ըստ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի, հունվարի 24-ի երեկոյան ժամերին հանրապետություն կթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներ, ինչի հետևանքով հունվարի 25-ին և 26-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ, իսկ առատ տեղումներ կնկատվեն հունվարի 24-ին և 25-ին:
Այս տարի տաք և ցուրտ օդային հոսանքների հերթափոխը բուռն արտահայտվեց և նկատվեցին ջերմաստիճանի վայրիվերումներ: Դեկտեմբերն ու հունվարը տաք էին ու տեղումնառատ: Այսօր հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը գրանցվել է նորմայից մոտ 7-ից 9 աստիճանով բարձր, որն էլ, ըստ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի, համարվում է անոմալ երևույթ:
Հունվարի 24-ի երեկոյան ժամերին հանրապետություն կթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներ, ինչի հետևանքով հունվարի 25-ին և 26-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ, իսկ ամենաառատ տեղումները կնկատվեն հունվարի 24-ին և 25-ին: Արկտիկական ցուրտ հոսանքների ներթափանցման արդյուքնում ակնկալվում է ջերմաստիճանի անկում: Հունավարի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 12-ից 15 աստիճանով: Ամենացուրտ գիշերը կլինի հունվարի 27-ին:
«Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կիջնի մինչև – 26 աստիճան, Արարատյան դաշտում մինչև -16-17 աստիճան, մայրաքաղաքում մինչև – 16 աստիճան: Եվ առհասարակ հունվարի 25-ից հետո ցերեկային ժամերին ջերմաստիճանը Երևանում և Արարտյան դաշտում լինելու է բացասական: Օրինակ հունվարի 26-ի ցերեկը – 4 – 5 աստիճանից Երևանում ջերմաստիճանը չի բարձրանա»:
Օդերևութաբանը հորդորում է վարորդներին, այդ օրերին լինել առավել զգոն և շրջաններ երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Եղանակային պայմանները հունվարի 24-ից 26-ն այդ օրերին հատկապես լեռնային շրջաններում, լինելու են խիստ անբարենպաստ: Իսկ փետրվարի առաջին օրերին կանխատեսվում է սառը եղանակ և տեղումնառատ: Ամսվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում տեղումները կլինեն նորմայից ավել:
Կանխատեսվող տեղումնառատ փետրվարն էլ դրական ազդեցություն կթողնի գյուղատնտեսության վրա: Լեռների շատ ձյան ու կանխատեսվող շատ տեղումների արդյուքնում ակնկալվում են գարնանային վարարումներ և ջրամբարների լցավծություն: Եղանակային տաքացումներն ըստ օդերևութաբանի, կանխատեսվում են փետրվարի երկրորդ տասնօրյակին:
armradio.am