Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց է հիմնում: Հանրապետականների խոսքով՝ եվրոպական մի շարք երկրներում առաջադեմ կուսակցությունները քաղաքական դպրոցներ են հիմնում:
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, մինչդեռ, հակադարձում է՝ եվրոպական դպրոցները հարթ ճանապարհի համար են, դրանք մեզ ոչինչ չեն տա. «Ինչ-որ ստանդարտ բաներ ենք թխում եվրոպացիներից ու դրանցով մեզ զբաղեցնում ենք: Եթե ուզում ենք իրենցից օրինակ վերցնել՝ պետք է 200 տարի հետ գնանք, երբ իրենք թնդանոթներվ էին գրոհում ընտրատեղամասերի վրա, որպեսզի մյուսներից շուտ զավթեն քվեատուփն ու հայտարարեն իրենց ուզած թիվը: Մեզ հարկավոր է պարզել, թե իրենք ինչպես հաղթահարեցին դա»,- Araratnews.am-ին ասաց վերլուծաբանը՝ շարունակելով. «Եվրոպացիներն իրենց քաղաքական ճանապարհն «ասֆալտապատել են» ու կարող են ընթանալ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով. իրենց գիտելիքները դրա համար բավարար են: Մենք ճահճի մեջ ենք խրված, մեզ տրակտոր է պետք, մեզ պետք են գիտելիքներ տրակտորի մասին, թե ինչպես ճահիճը հաղթահարենք»:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, սակայն չի կիսում այդ տեսակետը. «Կարծում եմ՝ այդ տեսակետն ունեցողները կտրված են իրականությունից, ամեն ինչ սկսվում է այբուբենից, ամեն ինչ սկսվում դպրոցից, այդ ճանապարհն անցնելու համար հենց դպրոցն է պետք, որպեսզի հասնենք այն մակարդակին, որը կա քաղաքակիրթ աշխարհում»: Կուսակցության անդամներին կրթելու նպատակով դպրոց հիմնելու հանրապետականի օրինակին, ըստ Գագիկ Մելիքյանի, պետք է բոլորը հետևեն:
«Դրա պահանջն ունեն բոլոր քաղաքական ուժերը»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Արծրուն Պեպանյանը, սակայն, ասում է. «Քսան տարի իշխանություն լինելուց հետո չի, որ սկսում են քաղաքականություն սովորել, սովորած են գալիս իշխանության»:
Քաղաքական վերլուծաբանը համաձայն է, որ Հայաստանում լուրջ քաղաքական դպրոցի կարիք կա, սակայն չի պատկերացնում, թե Հանրապետականի հիմնած դպրոցում ինչ են սովորելու:
«Ենթադրենք՝ դպրոց հիմնեցին, բայց իրենցից (ՀՀԿ-ին նկատի ունի) ոչինչ չեն կարող ներդնել այնտեղ: Հնարավոր չէ որևէ Հանրապետականի անուն տալ, որը ինչ-որ խորքային վերլուծություններ է ներկայացնում իրականությունից: Մեկ-երկու հանրապետականի, իհարկե, ճանաչում եմ, բայց իրենք ստվերային են ու այն, ինչ ինձ ասում են, հրապարակայնորեն չեն ասի»- նշեց Պեպանյանը:
Ինչ վերաբերում է պնդումներին, թե քաղաքական դպրոց հիմնելով Հանրապետական կուսակցությունը փորձ է անում վերադարձնել Կոմկուսի բարձրագույն դպրոցները, Արծրուն Պեպանյանն ասաց՝ եթե այդ մշակույթը հետ բերեն, նույն բախտին էլ կարժանանան:
«Սովետական ժամանակաշրջանում այդպիսի դպրոց կար, բայց այդ դպրոցն ամեն տարի շրջանավարտներ էր տալիս, որոնք, իբրև թե, քաղաքագիտություն էին ուսումնասիրում, վերջում այդ պետությունը մահացավ, այսինքն՝ այդ դպրոցներում հայտնի չէ, թե ինչ էին սովորեցնում», — նշեց նա:
Շողիկ Գալստյան