Հայ ազգային կոնգրեսն Ամուլսարի հարցով դեռևս պաշտոնական դիրքորոշում չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման մասին հարցին:
«Փոշին ակնհայտ է, ստորջրյա հոսքերի վնասն ակնհայտ է: Ոչ մեկը չի ասում, որ վտանգ չկա, բոլոր զեկույցները դրանք մեղմելու մասին են, պետք է ամեն ինչ ուսումնասիրվի»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Հարցին՝ վարչապե՞տը, թե՞ ժողովուրդը պետք է որոշում կայացնի Ամուլսարի հարցով, հանրաքվե պե՞տք է, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Չի կարող որոշում կայացնել ժողովուրդը, հանրաքվեի խնդիր չէ սա: Ծանր, խիստ մասնագիտական, պատասխանատու ուժ պետք է իմանա և որոշում կայացնի, արտաքին քաղաքական ճնշումներ կան, սա խիստ մասնագիտական հարց է»: