Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկվեց Սահմանադրական հանրաքվեի արդյունքների մասին «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ամփոփիչ զեկույցը:
«Սահմանադրական հանրաքվեն ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով և շատ ավելի կոպիտ խախտումներով, քան նախատեսում էինք: Հանրաքվեն իր այդ խախտումների, բռնությունների, լցոնումների մեծ ծավալով վարչական ռեսուրսի չարաշահմամբ որևէ կերպ չի կարելի համարել կայացած և լեգիտիմ հանրաքվե»,-նշեց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը և հավելեց.«Վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ քվեարկության արդյունքները ամբողջությամբ այլ կլինեին, եթե չլինեին այդ խախտումները, լցոնումները և բռնությունները: Օրինակ՝ եթե դիտարկենք Երևանում գրանցված արդյունքները՝ մոտ 20 տոկոսով «Այո»-ն ավելի քիչ կլիներ, իսկ «Ոչ»-ը՝ ավելի շատ»:
Ինչ վերաբերում է հանրաքվեի ընթացքում արձանագրված դիմում-բողոքների վերաբերյալ համապատասխան մարմինների արձագանքներին՝ ասուլիսի մյուս բանախոս, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հավելեց.«Ներկայացված ոչ մի դիմում- բողոք և հաղորդում լիարժեք և արդյունավետ քննության չի ենթարկվել, ոչ մի դեպքով բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ դա կլինի վարչական, թե քրեական, չի իրականացվել: Բոլոր դեպքերով, բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պետական մարմինները փորձել են ձևական պատճառաբանություններով սպառել այդ բողոքները»:
Եգորյանի հավաստմամբ՝ ցուցադրական և ձևական պատճառաբանություններով մերժել են բողոքները և թողել առանց քննության.«Օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում, երբ բողոքներից մեկով ԿԸՀ զեկուցողը հայտնեց, որ լիազորագիր չի ներկայացվել, մենք ժամանակ խնդրեցինք և ներկայացրինք լիազորագիր, իսկ մնացած 43 դեպքով այդ ժամանակը չտրամադրվեց, ուղղակի հայտարարվեց, որ չի ներկայացվել, և մերժվեցին բողոքները»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձավ խախտումների արձանագրությունների վերաբերյալ մեկնաբանություններին.«Մինչև երեկ կարծիքներ էին հնչեցվում, որ խախտումների վերաբերյալ արձանագրությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Իշխանությունների կողմից կա նաև զգուշավոր մոտեցում, որ իրենք միշտ ականջալուր են, իրենք միշտ ուշադրությամբ են մոտենում ԵԱՀԿ-ի զեկույցին:
Խնդիրն այն է, որ խախտումների այդ բազմազանության պարագայում իշխանական մարմինների կողմից համապատասխան ջանք, համապատասխան գործողություն չի նկատվել՝ ոչ միայն արձանագրված կամ ահազանգված խախտումների, այլ նաև խախտումները կանխելու ուղղությամբ, այսինքն՝ բացարձակ անգործություն այդ հեղեղված խախտումների ֆոնի վրա: Իրենք դրսևորում են պաշտպանողական պահվածք և բողոքները տեղափոխում են ձևական դաշտ, որտեղ ուղղակի փորձ է արվում այդ խայտառակ պատկերը, որը ես առիթ եմ ունեցել ասելու՝ կազմակերպված հանցագործություն, կեղծել»: