ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց հանքարդյունաբերության ոլորտին առնչվող կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթին:
Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև հարակից փաթեթով կառավարությունն առաջարկում է թափանցիկ դարձնել հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերին, բացահայտել նրանց։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ նախագծերի փաթեթը կարգավորում է հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը։
Նախագծով, ըստ պաշտոնյայի, սահմանվել են իրական սեփականատերերի ինստիտուտին առնչվող հասկացությունները, ինչպես նաև իրական սեփականատերերի գրանցման կարգը։
Իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ անկախ իրավաբանական անձի բաժնեմասի մասնակցության չափից։
Ընդերքի մասին օրենսգրքով ներկայացվում են պահանջներ իրական սեփականատերերին բացահայտելու մասին տեղեկանքի վերաբերյալ, իսկ որպես պատասխանատվություն սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի կասեցում և դադարեցում։ Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2019-ի հուլիսի 1-ից։